Գրեթե բոլոր ժողովուրդները, ավանդույթի ուժով, տարեմուտին, թե՛ անհատական, թե՛ հավաքական մակարդակում, փորձում
են պլանավորել մեկնարկող տարին, ապագայի ծրագրեր, դրանց հասնելու ժամանակային քարտեզներ
կազմել։ Ի դեպ՝ դա ոչ միայն նորմալ է, այլև պարտադիր, ինչպես անձնական,
այնպես էլ հասարակության ու պետության կյանքում հնարավոր չէ հաջողության
հասնել առանց պլանավորման։
Այստեղ կա մի ցավալի ու
առանցքային տարբերություն․ մասնավորապես, եթե ամանորյա խնջույքներին ապագայի մասին բաժակաճառերով խոսելը
կարելի է նորմալ համարել, ապա պետության պարագայում կենացով ապագա կառուցելը հասցնում
է այն իրավիճակին, որում այսօր հայտնվել է Հայաստանը։ Պետությունների, հասարակությունների
համար հեռանկարը, ապագան ոչ միայն չի գալիս ինքն իրեն, այլ կերտվում է։ Հակառակ պարագայում այն գալիս է ուղղակի՝ որպես ժամանակային անցում, գալիս է տարերային
ու հաճախ՝ որպես տարերք։
Ժամանակին մի խելոք մարդ
ասել է, որ նա, ով ձախողում է պլանավորումը, պլանավորում է սեփական ձախողումը։ Դրա մեջ կա ճշմարտություն, ինչում մենք
համոզվում ենք Հայաստանի օրինակով։ Ասվածի դասական օրինակ կարող է հանդիսանալ 2050
թվականի համար պլաններ կազմող օրվա իշխանությունը, որն իրականում Հայաստանին զրկել
է ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարից։ Այսօր ունենք
մի իրականություն, որտեղ Հայաստանը վերածվել է օրով ապրող տարածության՝ առանց նույնիսկ վաղվա օրվա հստակ պատկերացումի։ Հայ հասարակությունը դարձել է անգաղափար ու ամուլ։
Անգամ ամենախառնակ ժամանակներում,
ինչպիսիք մեր օրերն են, առողջ պետություններն ունեն ապագայի ռազմավարական ու մարտավարական
հայեցակարգեր, սցենարների զարգացման ամենատարբեր մոդելներ ու դրանից բխող ծրագրեր։
Մենք, ահա, անառողջ ենք նաև մեր պլանավորման ու հեռանկարի բացակայությամբ։ ՀՀ գործող
իշխանության համար կառավարումը, մեծ հաշվով, սկսվում և ավարտվում է ֆինանսական միջոցների
բաշխմամբ։ Կառավարության նիստերի օրակարգերը դրա լավագույն վկայությունն են։ Այդ օրակարգերում
առավելապես ընդգրկված են ֆինանսների բաշխման, վերաբաշխման, վերավերաբաշխման, հատկացումների
ու վերահատկացումների մասին հարցերում։
Նիկոլ Փաշինյանին մտահոգող հիմնական խնդիրն այն է, որ այդ բաշխումների ու վերաբաշխումների
մեջ սեփական իշխանության անդամներին տրվող վճարներն ու պարգևավճարները հանկարծ չպակասեն,
որովհետև դա կարող է սպառնալ իշխանության ներքին կայունությանը։ Հայաստանը վերածվել
է առանց հեռանկարի պետության, և ճակատագրի հեգնանքով դա արել է մի իշխանություն, որը
վերարտադրվել է «Ապագա կա» պոպուլիստական խոստումով։ Իսկ իրականությունն այն է, որ
ապագայի փոխարեն՝ մենք՝ որպես հասարակություն ու պետություն, արարում ենք անորոշություն։
Մենք գիտենք՝ որտեղից ենք գալիս, բայց պատկերացում չունենք, թե ուր ենք գնում։
Արմեն Հովասափյան









