Foto

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ գլոբալ նշանակություն է ստանում. Փաշինյան

Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին և պետք է ասեմ, որ դա համարում եմ ողջունելի քայլ այն առումով, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև՝ իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել, Պրահայում են հանդիպել։ Կարևոր է, որ դինամիկա ունենանք հարաբերություններում։

«Հույս ունեմ, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև՝ ակնկալում ենք դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում։ Այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև՝ միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում և կարծում եմ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում՝ քան նախկինում և միջազգային մեծ կարևորություն է ձեռքբերում։ Այս իմաստով իհարկե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ գլոբալ նշանակություն է ստանում»,- նշեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով։

Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց պատրաստակամությունը՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ՝ նշելով, որ մենք դրանք պատրաստ ենք և շահագրգռված ենք դրանով։

«Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների և ավտոճանապարհների բացումը՝ արևմուտք-արևելք ուղություններով, նաև՝ նոր ճանապարհների կառուցումը, սրանով էլ ենք հետաքրքրված և շահագրգռված։ Խանգարող միակ բանը Ադրբեջանի շարունակական խոսույթն է՝ ինչ-որ միջանցնքների մասին։ Մենք պատրաստ ենք իրագործել հայկական խաչմերուկի մեր տեսլականը, նաև հասկանում ենք, որ ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում և այս փոփոխությունները կարող են օգտագործել ի նպաստ տարածաշրջանում կայունության և խաղաղության, ոչ թե՝ հակառակը։ Այն, ինչ ես ներկայացրի, որպես կարևոր էֆեկտ պետք է նշել նաև, որ այս պարագայում շատ ավելի ակտիվ կլինի հյուսիս-հարավ ճանապարհային և երկաթուղային բեռնափոխադրումները, որովհետև խոսում ենք նաև Հայաստանի և Նախիջևանի տարածքով՝ Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան, Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին։ Մենք պատրաստ ենք այս ուղղությամբ գնալ»,- նշեց Փաշինյանը։