Իհարկե յուրաքանչյուրիս
ականջի համար ոչ միայն խորթ, այլև տարօրինակ է հնչում այն միտքը, որ մոտ մեկ ամիս է,
ոչ ոք չի կարողանում Արցախ գնալ, ավելին, գրեթե մեկ ամիս է՝ Արցախը բլոկադայի մեջ է։ Ճիշտ այդքան ժամանակ՝120 հազար մարդիկ ապրում
են սննդի, դեղորայքի, վառելիքի բացակայության պայմաններում, կան տասնյակ ծանր հիվանդներ
(նաև զոհեր)։ Մեր աչքի առաջ հումանիտար աղետն օր օրի
խորանում է։
Հարց է առաջանում․ ի՞նչ է պահանջվում
այս իրավիճակում Հայաստանից, որը մինչև Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» Արցախի
անվտանգության երաշխավորն էր։ Միանշանակ այս հարցին կարելի է շատ երկար պատասխանել՝
թվարկելով հարյուրավոր առաջնային, կարևոր, անհրաժեշտ քայլեր, որոնք, բնականաբար, չեն
կատարվում։ Սակայն բոլոր առանձին քայլերից առաջ, Հայաստանից՝ որպես պետություն, և ՀՀ
քաղաքացիներից՝ որպես հասարակություն, պահանջվում էր և է համարժեքություն իրավիճակին,
երբ 120 հազար մեր հայրենակիցներ կտրված են աշխարհից։
Ակնհայտ է, որ նորմալ
պետություն ու առողջ հասարակության գոյության պարագայում, մենք դեկտեմբերի 12-ից սկսած
մեր կյանքը պետք է դարձնեինք համահունչ այն իրավիճակին, որը պատեհ է նման դեպքում։
Պայմանականորեն, ինչպես պետությունն է պատերազմի դեպքում պետական ու հանրային կյանքը
փոխադրում ռազմական ռեժիմի, այնպես էլ նման իրավիճակներում (թեկուզ և՝ օրենսդրորեն
չկանոնակարգվող) մենք պետք է ապրեինք այնպես, ինչպես վայել է ապրել այն ժամանակ, երբ
ազգակից երեխաները սննդի կամ դեղորայքի կարիք ունեն։ Հենց դա է, լայն իմաստով, կոչվում
համարժեքություն, որից անդառնալիորեն զուրկ ենք մենք՝ թե՛ որպես պետություն, թե՛ որպես
հասարակություն։
Եթե փորձենք ստուգել,
թե որքանով է Հայաստանը՝ որպես պետություն, և ՀՀ քաղաքացիները՝ որպես հասարակություն,
համարժեք աղետի պայմաններում հայտնված Արցախին, բավական է թեկուզ հպանցիկ ծանոթանալ
այն քայլերին, որոնք, վերջին մեկ ամսվա ընթացքում կատարել է իշխանությունը և մի քանի
քայլ կատարել Երևանի փողոցներում՝ ականատես լինելով մեր հայրենակիցներին ապրումակցելու
հանրային ամանորյա տեսարանների։
Հիմա ըստ էության․ երբ Արցախն ապրում
է շրջափակման մեջ, Հայաստանը՝ որպես պետություն, հասցրել է հերթական հորինած քրեական
գործը հարուցել նախկին նախագահի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ, հրապարակել «թալանի»
պատմություններով հագեցած մի քանի այլ քրեական գործեր, կրկին քրեական հետապնդում իրականացրել
բուհերից մեկում ոչ իշխանական ռեկտորի ընտրության պատճառով, դատավորի լիազորություններից
զրկել ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավապաշտպաններից մեկի կնոջը, նախարարի պաշտոնում
նշանակել ծնողուրաց մեկին, տուգանել հանուն Արցախի ապաշրջափակման «ապաքաղաքական» ակցիայի
մասնակցած երկու ժամանցավարի, պետական միջոցներով շրջագայության տանել մի վարսավիրի,
ավելին՝ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում տոնական մեծ համերգ կազմակերպել։
Սա վերջին 5 տարներին
Հայաստանում գոյություն ուենցող մթոնոլրտի դասական դրսևորում է։ Փաստն
այն է, որ իշխանության նման վարքագիծը հնարավոր է դարձել հասարակության մեծ զանգվածների լեթարգիական
անտարբերության ու փոքր հատվածի անօգնական մտահոգությունների պայմաններում։ Ավելին,
քանի որ իշխանություն կոչվածը վստահ էր, (ինչը և արդյունքում եղավ), որ հրապարակի համերգին
մասնակցելու էին ոչ թե փոքրաթիվ մտահոգները, այլ բազմաքանակ անտարբերները, և հաստատուն
քայլերով շարունակում է իր հակազգային քաղաքականությունը, որի արդյունքում պետության
դերը հասցրել է վարսավիրի տուրիստական գործակալի կարգավիճակի կամ ժեկի պետի շարքային
մի վոյաժի։
Արմեն Հովասափյան









