«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին։
-
Տիկի՛ն Սեյրանյան, համամի՞տ եք օրենքի հոդվածի նման ձևակերպմանը, այն որքանո՞վ է խանգարելու կամ նպաստելու մամուլի աշխատանքին։
-
Շատ կարևոր է, թե ինչո՞ւ են հիմա դա նախաձեռնել։ Եթե օրենքի փոփոխությունը լիներ սովորական իրավիճակում,
ապա կարող էինք դա քննարկել առանձին դրվագներով, դետալներով։ Ես վախենում եմ,
որ այս իշխանությունն ինչ-որ նոր բան է պատրաստում, և դրա համար պետք է լռեցնել մամուլը։
44 օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է կիրառվում դա՝ հասարակությանը
զրկելով ճշմարտությունն իմանալուց։ Հիմա դրան օրենքի ուժ են տալիս՝ բոլորի
բերանները փակելու համար։ Եթե այլ իրավիճակում լիներ, կնստեինք՝ մասնագետների հետ կքննարկեինք
առանձին դրույթները և որոշները, գուցե, անհրաժեշտ լիներ: Հիմա ես դրանում լրջագույն
վտանգ եմ տեսում, որ արվում է հատուկ նպատակով: Վախենամ՝ մենք դրա կիրառումը շուտով
տեսնենք։ Իշխանությունը, հնարավոր է, ինչ-որ բան է պատրաստում, հերթական մի բան, որին
խանգարելու են մեդիաները։ Մենք ամեն օր տեսնում ենք, որ հասրակությունը, գնալով, չի վստահում
ոչ մեկին՝ ո՛չ պաշտոնական և ո՛չ մերձիշխանական լրատվականին։ Պետք է հասկանալ,
թե ինչո՞ւ է հիմա դա արվում և պատրաստվել այդ վտանգներին: Հետապնդումներ են սպասվում
լրատվամիջոցների դեմ, փորձելու են քաոս ստեղծել՝ միայն իրենց տեսակետները շրջանառելով, հասրակությանը բթացնելով և նոր արհավիրքի առջև կանգնեցնելով։ Այս անգամ նույնիսկ ավելի
վտանգավոր, քան 44 օրյա պատերազմն էր։ Հիմա իրենք կփաթեթավորեն՝ իբր ազնիվ փրկիչներ
են, որ արդար մղումներ ունեն, որ մյուսները գործակալներ են: Այնինչ, այս իշխանությունից
շատերի քայլերն են հիշեցնում գործակալների գործողություններ։
-
Իսկ ինչպե՞ս ենք հակադարձելու մենք՝ ժուռնալիստներս կամ Ժուռնալիստների
միությունը։
-
Միությունը կարող
է հայտարարություններ և կոչեր անել, բայց պետք է հասարակության աջակցությունը ստանալ։
Հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը զրկվելու է տեղեկացված լինելու իր իրավունքից։
44 օրյա պատերազմը թող աչքի առաջ ունենան և տեսնեն, որ մամուլին լռեցրեցին, ճշմարտությունը
թաքցրեցին, դա որքա՞ն կայնք արժեցավ։ Մենք հետո իմացանք, որ կարող էինք կանգնեցնել պատերազմը,
բայց լռեցնում էին: Հասարակությունը պետք է հասկանա, որ մամուլն աշխատում է իրե՛նց համար, և այսօր խնդիր է դրված լռեցնելու այդ նույն մամուլին։ Նոր ալիք է սկսվելու և՛ առանձին
լրագրողների՝ սկսած ինձնից, և լրատվականների նկատմամբ։ Ես չեմ ուզում այդ օրենքի առնձին
հոդվածի անդրադառնալ, ուզում եմ ահազանգե՛լ այդ օրենքի վտանգների մասին։ Սա հասարակության
խնդիրն է՝ նոր արհավիրքի ենք ականատես լինելու։ Մենք ավելին, քան կոչ անելը կամ հետապնդվելը, անել չենք կարող, բոլորիս հետևից են գալու։ Հասարակությունը թող սա իմանա, եթե
պատրաստ են՝ խնդիր չկա: Մենք պատրաստ ենք, սպասում ենք։ Կյանքը ցույց է տվել, որ նրանց
այդ գործողությունների արդյունքում մենք կյանքեր ենք կորցրել։ Սա զուտ մամուլի խնդիրը չէ։
-









