Foto

Աճուրդի հանած Արցախը

Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունն առանցքային նշանակություն ուներ և մինչ օրս էլ ունի այն ամենում, ինչ կատարվում է Արցախի հետ։ Մինչ այդ էլ Փաշինյանը հետևողականորեն իրականացնում էր «նշաձողի իջեցման» քաղաքականություն, բայց այս տարվա գարնանից հետո նա սկսեց այդ հարցում խաղալ բաց: Թերևս պատվերն էր այդպիսին։ Այդ հայտարարությանը նախորդած, բայց հատկապես հաջորդած բոլոր իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլն Արցախի հետ կապված ամեն ինչում նշաձողն իջեցնելու հարցում նախանձախնդիր է ճիշտ այնքան, որքան սեփական իշխանությունը պահպանելու գործում։ Դա պատահական չէ, որովհետև նշաձողի իջեցման ընթացքը հակադարձ համեմատական է Փաշինյանի իշխանությունը պահպանելուն։

Իրականում, Արցախի հարցում նշաձողը Հայաստանը ոչ թե իջեցրել է, այլ ուղղակի վերացրել է։ Ավելին, հիմա նշաձող, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այլևս նշաձողը վերափոխվել է նշանակետի՝ վերջնականապես հրաժարվել Արցախից։ Այդ նշանակետին հասնելու համար Նիկոլ Փաշինյանը չի խնայում ոչինչ։ Նշաձողի վերացման պատկերավոր օրինակները չափազանց շատ են, մեկը մյուսից խոսուն ու ողբերգական։

Ներկայացնենք մի քանի կոնկրետ պնդում՝ նախկինում ունեցած դիրքերի ու այսօրվա մարազմի վերաբերյալ: Նախկինում Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում ու միջազգային հանրության հետ հարաբերություններում պայքարում էր Արցախի կարգավիճակի համար։ Մասնավորապես, բանակցություններ էին ընթանում կարճաժամկետ, միջանկյալ և երկարաժամետ կարգավիճակի շուրջ, այդ նպատակով Ստեփանակերտ էին այցելում համանախագահները, աշխարհի ամենատարբեր երկրների պատգամավորներ, քաղաքական գործիչներ։ 44-օրյա պատերազմից հետո, սակայն, Արցախի խնդիրները կարգավիճակային հարթությունից գահավիժել են հումանիտար մակարդակ։ Դրանից բացի, եթե նախկինում դիվանագիտական հաղթանակ էր համարվում որևէ միջազգային կազմակերպության հայտարարությունն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ապա այսօր դիվանագիտական հաղթանակ է հորջորջվում այդ նույն կազմակերպությունների կողմից Լաչինի միջանցքը բացելու մասին եթերային կոչերի հնչեցումը։ Եթե նախկինում հաջողություն էր համարվում համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ, ապա այսօր հաղթանակ է որակվում Արցախի նախագահի մուտքն իր իսկ ղեկավարած երկիր, այն էլ՝ մի քանի օր սպասելուց հետո։ Եթե նախկինում Արցախ էին այցելում ամենատարբեր երկրների պատգամավորներ, ապա այսօր Արցախ չեն կարողանում մուտք գործել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Վերը ներկայացված փաստերին ու գոյություն ունեցող այս խայտառակ իրավիճակն արդարացնելու հարցում Փաշինյանը, իհարկե, հղում է անում պատերազմը։ Այո, պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը թուլացել են, բայց նույնիսկ այդ դեպքում ակնհայտ էր, որ պատերազմի պարտությունից ավելի մեծ պարտություն էր լինելու Արցախի կարգավիճակից հրաժարումը։ Բայց Նիկոլը գնաց հենց այդ ճանապարհով՝ անհեթեթորեն հայտարարելով, թե այլևս ոչ թե Արցախի կարգավիճակից են բխում արցախցիների անվտանգությունն ու իրավունքները, այլ հակառակը՝ վերջիններիս պաշտպանությունն է   համարվում գերնպատակ, թեկուզ և առանց կարգավիճակի։

Նման անմեղսունակ ու դավաճանական քայլերով Փաշինյանը որդեգրեց քաղաքականություն, որ իր համար կարևոր է ոչ թե ստրուկին ստրկությունից ազատելը, այլ նրան ժամանակին կերակրելը։ Հավելենք, որ այդ ամենը Նիկոլի համար աշխարհայացքային, մտածողության արատ է, որով նա հիմա առաջ է տանում նաև Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում։ Կարևորը նրա համար ճանապարհների բացումն է ու դրանից ակնկալվող տեսական եկամուտները, որոնք կարող են ավելացնել փողը Հայաստանում: Թե ի՞նչ գնով՝ Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հուզում։ Ըստ էության՝ Նիկոլն առաջնորդվում է այն սկզբունքով, որ փողը կարող է ոչ միայն հայրենիք, այլ նաև արժանապատվություն չունենալ։

Ի դեպ՝ Արցախի կարգավիճակի համար պայքարից հրաժարվելը, Փաշինյանի դեպքում, ունի նաև խիստ անձնական բացատրություն։ Արցախի կարգավիճակի հետապնդումից հրաժարումը, լայն իմաստով, աշխարհաքաղաքական կոնսենսուսի առարկա էր, այն նույն կոնսենսուսի, որի շնորհիվ Փաշինյանը պահպանեց իշխանությունը։ Դեմ գնալ այդ կոնսենսուսին և շարունակել հետամուտ լինել Արցախի կարգավիճակի խնդրին, նշանակում էր վտանգել նաև սեփական իշխանության շուրջ կոնսենսուսը։ Եվ  Փաշինյանը գնաց կեղտոտ գործարքի՝ կարգավիճակների փոխանակության Արցախի կարգավիճակի համար պայքարը նա փոխարինեց իշխանության, այսինքն՝ սեփական կարգավիճակի պահպանմանը։

Արմեն Հովասափյան