Foto

Եթե մամուլի այդ սահմանափակումները չլինեին, ապա հնարավոր էր, որ 44 օրյա պատերազմն այլ ելք ունենար․ Մելիքյան

«...Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում»։ Սա մեջբերում է  «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունների նախագծից: Ակնհայտ է, որ մամուլի աշխատանքը սահմանափակելուն է ուղղված։ Նմանատիպ սահմանփակումներ գործում էին նաև 44 օյա պատերազմի ժամանակ, ինչի արդյունքը տեսանելի եղավ՝ հասարակությունը 44 օր և դրան հաջորդող ամիսների ընթացքում փաստացի զրկված էր տեղեկացված լինելու իր իրավունքից։ Օրինակ՝ միայն ռազմական դրության ավարտից հետո իմացանք, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել ավելի վաղ, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 4 օր հետո զեկուցել էր, որ հնարավոր չէ մարտերը երկար շարունակել և այլն։ Օրենքի այս փոփոխությունների նախագծի շուրջ մտավախություններ ունի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

-          Պարո՛ն Մելիքյան, այս նախագծով արդյոք չի՞ ոտնահարվում լրատվականների անկաշկանդ աշխատելու և քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը։

-          Նախագիծը մանրամասն չեմ ուսումնասիրել, սակայն նախորդ ժամանակահատվածի փորձը ցույց տվեց, որ եթե մամուլի այդ սահմանափակումները չլինեին, ապա հնարավոր էր, որ այդ պատերազմն այլ ելք ունենար։ Իշխանությունը խաբել էր և փորձում է ամրապնդել այդ խաբելու և մարդկանց զգոնությունը թուլացնելու գործիքակազմը։ Այլ պայմաններում հնարավոր է, որ այդ գործիքները լինեն ոչ միայն իրավաչափ՝ այլ նաև անհրաժեշտ։ Այս իշխանությունը ցույց տվեց, որ արդեն իսկ առկա գործիքները կարելի է չարաշահել և օգտագործել ի վնաս պետության և հայրենիքի։

-          Խոսքի ազատության տեսանկյունից որքանո՞վ է իրավաչափ։

-          Այդ ամենը նժարի վրա է։ Պետք է հասկանալ իրավաչափ շահը և հակառակ իրավաչափ շահը, կեղծ տեղեկությունների կանխումը, որն ուղղված է ռազմական գործողությունների հաջողությանը։ 44 օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ այդ սահմանափակումները, որոնք հիմա ավելի խստացվում են, աշխատեցին հակառակ ուղղությամբ։ Այսինքն՝ ոչ թե կեղծ տեղեկությունների տարածումը կանխելու, այլ՝ դրանք տարածելու համար։ Եթե անգամ դիտարկենք, որ այս գործիքը տեսականորեն կարող ենք համարել պիտանի՝ Հայաստանի այս իշխանության դեպքում այդպես համարել չենք կարող։

-          Միջազգային պրակտիկայում նմանատիպ օրինակ Ձեզ հայտնի՞ է։

-          Չեմ ուսումնասիրել, բայց շատ հավանական եմ համարում, որ կլինեն երկրներ, որտեղ նման սահմանափակումներ  են նախատեսվում, այն պարզ պատճառով, որ ժամանակակից պատերազմում հաճախ է պատահում, որ ինտերներտը, սոցիալական ցանցերն օգտագործվում են, որպես զենք՝ մեկը մյուսի դիմաց։ Մեր պարագայում, արդեն իսկ փորձ ունեք, որ այս իշխանությունն արդեն չարաշահել է իրեն տրված հնարավորությունը։ Հիշենք, որ անկախ լարտվականների էին տուգանում, երբ «արծրունական» իրականությանը հակասող և իրական լուրեր էին սպրդում։ Հիշում ենք, որ այս ռեժիմը բավականին կոշտ ձևով արձագանքում էր դրան, հետո տեսանք, որ սա կործանարար էր։ Եթե իրականությունն ավելի վաղ իմանայինք, հնարավոր է՝ կորուստներն այդքան մեծ չլինեին։  

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան