Foto

Տոնական օրերին սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Տոնական օրերին սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին, պահման պայմաններին, ջերմաստիճանին, խանութներից պատրաստի կերակրատեսակներ ձեռք բերելիս՝ նաև պատրաստման և իրացման ժամկետներին,
աղցանները պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, թթվասերն ու մայոնեզն ավելացնել անմիջապես ուտելուց առաջ՝ ըստ մատուցվող չափաբաժնի,
խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի,
ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո, հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ,
սառնարանում հում և պատրաստի սննդամթերքը տեղադրել առանձին դարակաշարերի վրա փակ տարաներում՝ հումը դնելով պատրաստիից ներքև,
մանրազնին լվանալ կանաչին, միրգը և բանջարեղենը նախքան օգտագործելը,
գնել միայն գործարանային արտադրության պահածոներ, իսկ տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելու դեպքում եռացնել 15-20 րոպե՝ բոտուլիզմից խուսափելու նպատակով,
չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
եթե վատ եք զգում, հատկապես եթե առկա են մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, զերծ մնալ սնունդ պատրաստելուց և դիմել բժշկի,
ալկոհոլային թունավորումից խուսափելու նպատակով չչարաշահել ալկոհոլային խմիչքները և օգտագործել միայն շշալցված, գործարանային արտադրության խմիչք: