Եթե 5-10 տարի առաջ ինչ-որ
մեկը ասեր, որ հնարավոր է ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացիները չկարողանան
գնալ Արցախ, նրան կհամարեին խելագար կամ ադրբեջանական գործակալ։ Այսօր, սակայն, իրականությունը
ցավոտ է, դաժան ու դառը․ 15 օր է՝ Արցախը շրջափակված է։ Մինչ ՀՀ իշխանությունները
շարունակում են անտարբեր հետևել, թե ինչպես են ադրբեջանցի կեղծ բնապահպաններն արգելափակված
պահում Գորիս-Ստեփականակերտ ճանապարհն ու Արցախի 120 հազար հայ բնակչությանը՝ Արցախում
հումանիտար ճգնաժամը խորանում է։ Արցախից ահազանգում են, որ երկրում
կա սննդամթերքի տարբեր տեսակների, դեղորայքի, հեղուկ վառելիքի ու այլ առաջին անհրաժեշտության
ապրանքների դեֆիցիտ (առանձին դեպքերում վաճառքի սահմանափակումներ են կիրառվում)։ Ավելին,
ապրանքներ չլինելու պատճառով սկսել են պարենային խանութներ փակվել (ի դեպ՝ կա նաև կանխիկ
դրամի պակաս)։
Ըստ էության՝ չնայած Արցախի
իշխանությունները փորձում են մեղմել այս իրավիճակը, պարզ է, որ այդ հնարավորություններն
անսահման չեն։ Ինչ-որ պահից սպառվելու են ներկրվող պարենային ու ոչ պարենային ապրանքների
պաշարները, որոնց մատակարարումները մեկ շաբաթից ավել է, ինչ իսպառ դադարել են։ Կարևոր
է արձանագրել, որ մինչև ճանապարհի արգելափակումը, օրական շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության
ապրանքներ էին մտնում Արցախ։
Միջազգային
հանրության ճնշումներն առայժմ արդյունք չեն տալիս։ Թեև այդ ճնշումները ստիպեցին վերականգնել
Արցախի գազամատակարարումը, բայց ճանապարհը շարունակում է
արգելափակված մնալ՝ անհիմն մեղադրանքներով ու պատճառաբանություններով։ Հավելենք նաև,
որ հումանիտար խնդիրներն օդային փոխադրումների միջոցով լուծելու Արցախի իշխանությունների
դիմումները միջազգային հանրությանն առայժմ անպատասխան են մնում։ Ոչ մեկը չի ուզում
նման պատասխանատվություն վերցնել, չնայած 120 հազար մարդ մնացել է լիակատար շրջափակման
մեջ։
Հումանիտար խնդիրները գնալով սրվելու են՝ գումարած այն կորուստները, որոնք կրում
է Արցախի տնտեսությունը թե՛ հումքի ու այլ պարագաների ներմուծման, և թե՛ արտահանումների
տեսքով։ Արցախի տնտեսությունը փորձում էր
վերականգնվել պատերազմի ծանր հետևանքներից, շտկել մեջքը, հետ բերել կորուստները։ Այս
տարի, արդեն, բավական բարձր աճի ակնկալիքներ կային։ Մասնավորապես, տնտեսության իրական
աճը տարեսկզբի առաջին երեք եռամսյակներին անցնում էր 18 տոկոսից, իսկ արդյունաբերության
մեջ աճը կազմել էր գրեթե 43 տոկոս։
Ինչպես և կանխատեսվում
էր՝ սնուցող միակ ճանապարհը փակվելուց հետո գնաճային ճնշումներն ուժեղացել
են։ Մատակարարումների դադարեցումներն ու առաջացող դեֆիցիտը որոշ տեղերում հանգեցրել
է նաև գների բարձրացման։ Ընդգծենք, որ Արցախի իշխանությունները փորձում են օրենսդրության
շրջանակներում կանխել արհեստական գնաճը։ Դա, անշուշտ, կունենա իր ազդեցությունը գնաճի
զսպման գործում, բայց պետք է հասկանալ, որ ի վերջո առանց մատակարարումների վերականգնման
և առաջացած պահանջարկը բավարարելու, անհնարին է լինելու կասեցնել այդ պրոցեսը։ Տնտեսության
մեջ ու ապրանքային շուկաներում առաջացող դեֆիցիտը մեծացրել է լարվածությունը նաև ֆինանսական
շուկայում։ Այն, ինչ կատարվում է, ֆինանսական համակարգի շահերից չի բխում։ Ֆինանսական
հատվածը շատ զգայուն է, առավել ևս՝ այսպիսի իրավիճակներում։
Ըստ էության՝ Արցախում
համընդհանուր ճգնաժամ է հասունանում, իր տխուր հետևանքներով, իսկ Հայաստանի իշխանությունները
ձեռքերը ծալած մի կողմ են քաշվել։ Ամբողջ պատասխանատվությունը դրել են ռուս խաղաղապահների
վրա ու դրանով իրենց գործը համարել են ավարտված։ Նրանք անամոթաբար մոռացել են, որ այս
ամենի մեղավորն իրենք են, իրենց արածի ու չարածի հետևանքով է, որ Արցախն ու Արցախի
հայությունը, չհաշված Հայաստանն ու հայ ժողովուրդը, հայտնվել է այս վիճակում։ Հեշտ է մեղադրել ուրիշներին, սակայն փաստ է, որ 30 տարի Արցախն այսպիսի խնդրի չէր
բախվել։ Նիկոլ Փաշինյանն ու իր ենթականերն են Արցախը բերել-հասցրել այս օրվան ու համարում
են, որ խնդիրը ռուս խաղաղապահների, Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների դաշտում է,
նրանք պետք է բանակցեն իրար հետ ու լուծումներ գտնեն։ Իսկ Հայաստանն անելիք չունի այդ դաշտում։
Անհայրենիքները հենց այսպես
են պատրասվում «խաղաղության դարաշրջան» բացել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Նման կերպ
է հայ ժողովուրդն Արցախում ու Հայաստանում վայելում «խաղաղության» բերկրանքը։ Դիցուք, եթե նույնիսկ վաղը հանվի Արցախի շրջափակումը, միևնույն է, դա չի կարող հուսալի լուծում
լինել։ Դրանում արդեն մեկ անգամ համոզվեցինք. երբ առաջին անգամ «բնապահպաները» բավարարվեցին
ճանապարհը 3 ժամով փակելով։ Երկրորդ անգամ արդեն այն անհամեմատ ավելի երկար է ձգվում։ Ցանկացած պահի, կեղծ
ու շինծու պատճառաբանություններով, Ադրբեջանի իշխանությունները կարող են մի քանի հարյուր
«բնապահպան» հավաքել ու կրկին փակել ճանապարհը։
Արմեն Հովասափյան









