Foto

Ինչո՞ւ հենց Գրիգոր Մինասյանը

Երեք ամիս փնտրտուքից հետո երեկ արդարադատության նախարար նշանակվեց Գրիգոր Մինասյանը, ով հոկտեմբերի 5-ից կատարում էր նախարարի պարտականությունները։ Պաշտոնը թափուր մնաց Կարեն Անդրեասյանի ԲԴԽ նախագահ նշանակվելուց հետո։ Մինասյանը մինչ այդ աշխատել է որպես փաստաբան և Ադրեսասյանի հետ համատեղ հիմնել են  AM իրավաբանական գրասենյակը, որը լավագույներից է։ Հայտնի է, որ Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Միասյանի եղբայրն է և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի որդին։

Օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, թե տվյալներ ունի, որ հայր Մինասյանը, տնօրինելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆինանսական միջոցները, գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալիզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով մոտ 416 մլն դրամը»:

Ավելի վաղ՝ դեռ 2018 թվականից, նա մեղադրվում էր իր ղեկավարած ԲԿ-ի կողմից սոցփաթեթի ծառայության մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ։ Արա Մինասյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը վերջերս է դադարեցվել։ Օրինականության առումով՝ որքանո՞վ է ընդունելի, որ հոր և եղբոր նկատմամբ նախաձեռնված վարույթներ կան, և նախարար է նշանակվում մյուս եղբարը։ Ամենայն հավանականությամբ՝ ժողովրդավարությունն այստեղ գործ չունի։ Գրիգորի Մինասյանը հասարակությանը հայտնի դարձավ հոր և եղբոր հետ վատ, անհաշտ հարաբերություն ունենալու արդյունքում։ Ստացվում է, որ նորանշանակ նախարարը պետք է աշխատի, որ հայրն ու եղբայրը ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նման դրվագ Րաֆֆու «Սամվել» վեպից այս կողմ, իրական կայնքում գրեթե չի հանդիպել։ Թեև Արա Մինասյանը կամ Միքայել Մինասյանը Սամվելի հոր արարքները չեն գործել, իսկ նրանց պաշտպանական խմբերը բազմիցս խոսել են քաղաքական հետապնդման մասին, բայց...

Այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը Մինասյանին նախարար նշանակելու մի քանի պատճառ կարող էր ունենալ։ Նախ այն, որ ինքը շատ «ժողովրդավար» է, թեև նրա քայլերը մեկ անգամ չէ, որ հակառակն են ապացուցել։ Հաջորդը՝ Մինասյանի օրինակով ցույց է տալիս, որ հանուն իրեն և «ժողովրդավարության», կարելի է դեմ գնալ նույնիսկ սեփական ընտանիքին՝ այս անգամ ջրբաժան  գծելով զավակի, հոր և եղբոր միջև։ Հաշվի առնելով այն, որ Միքայել Մինասյանի նկատամբ հետախուզումը դադարեցվեց այն ժամանակ, երբ եղբայրն արդեն փոխնախարար էր՝ Փաշինյանի դարակում առնվազն պետք է դրված լինի Մինասյնի հրաժարականի դիմումը։ Մյուս տարբերակում էլ՝ վարչապետն, ինչպես շատերի դեպքում, պարտադրում է Մինասյանին մնալ՝ ինչ-որ բան չբացահայտելու պայմանով։ Իսկ ամենապարզագույն տարբերակն այն է, որ այլ կադր պարզապես չգտան՝ պարտաված և ձախողված իշխանության հետ աշխատելն այնքան էլ հարմար չէ։ Ի դեպ ՔՊ-ականներն իենց սիրելի վարչապետի այս նշանակումից ևս դժգոհ են։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան