Foto

Բրիտանիային մտահոգում են Սուրբ Ծննդի նախաշեմին Սաուդյան Արաբիայում հնարավոր մահապատիժները․Telegraph

Բրիտանիայում մտահոգություն են հայտնել՝ կապված Սուրբ Ծննդի նախաշեմին Սաուդյան Արաբիայում հնարավոր մահապատիժների հետ։ Բրիտանացի խորհրդարանականները նամակ են գրել արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլիին, որում պնդում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող են զանգվածային մահապատիժներ իրականացնել Արեւմտյան Եվրոպայում սուրբծննդյան տոների նախաշեմին, գրում է Telegraph թերթը։

Նամակը ստորագրել են խորհրդարանականներ ամբողջ կուսակցական սպեկտրից, այդ թվում՝ Դեւիդ Դեւիսը, Հիլարի Բենը, Փիթեր Բոթոմլին, Ալիսթեր Քարմայքլը եւ Էնդի Սլոթերը, նշում է թերթը։

«Մենք լրջորեն մտահոգված ենք, որ Սաուդյան Արաբիան կարող է զանգվածային մահապատիժներ իրականացնել տոների շրջանում, երբ աշխարհի ուշադրությունը սեւեռված է այլ ուղղությամբ։ 2016 եւ 2020 թվականներին Սաուդյան Արաբիան արդեն մահապատիժներ է իրականացրել ամանորի նախաշեմին, երբ միջազգային հանրության համար դժվար էր արագ արձագանքելը։ ԱԳՆ ղեկավարին կոչ ենք անում տոներից առաջ հայտարարություններ անել՝ տեղեկացնելու համար, որ դա բացարձակ անընդունելի է»,-ասվում է նամակում։