Foto

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չհասավ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի ընդունման․ Լեւոն Զուրաբյան

Հաշվի առնելով այն, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական հինգ անդամների շրջանում կար կոնսենսուս առ այն, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, ՀՀ ներկայացուցիչը պետք է հասներ բանաձեւի ընդունման, ինչը լուրջ փաստաթուղթ կդառնար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Նրա գնահատմամբ՝ դա Լաչինի միջանցքի հարցը կվերածեր միջազգային իրավունքի տարրի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարեւոր ազդեցություն կունենար, հնարավոր կլիներ հղում կատարել միակ իրական միջազգային փաստաթղթի։

«Սակայն ՀՀ իշխանությունը, չգիտես ինչու, դա չարեց։ Մինչ օրս պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչու դա չարվեց։ Պատճառը կարող է լինել իշխանության թույլ պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ այն, որ իշխանությունը որոշ երկրների հետ համաձայնության է եկել, եւ այդ երկրներն ասել են, որ նման ճնշումը չափազանց մեծ կլինի Ադրբեջանի համար, եւ, հնարավոր է, խոստացել են հարցի այլ լուծում։ Սակայն ոչ մի լուծում դեռ չենք տեսնում»,-նշեց Զուրաբյանը։

Նա համոզված է, որ կան լծակներ, որոնք միջազգային հանրությունը կարող է կիրառել Ադրբեջանի դեմ։ Զուրաբյանը պարզաբանեց, որ Արեւմուտքը կարող էր սպառնալ տնտեսական պատժամիջոցներով եւ Ադրբեջանի հետ պայմանագրերից հրաժարվելով, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ կան առավել խորը շահեր․ Արեւմուտքը փնտրում է այլընտրանքային գործընկերներ էներգառեսուրսների շուկայում, եւ նման գործընկեր կարող է դառնալ Բաքուն։

«Իր հերթին, Ռուսաստանը չի կարող եւ չի ուզում կոշտ առճակատում Ադրբեջանի հետ եւ հասկանում է, որ դա կարող է ռազմական բախման հանգեցնել։ Իսկ դա կհանգեցնի նաեւ Թուրքիայի հետ բախման, որն այսօր կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար՝ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին։ Մենք կարող ենք դժգոհել Ռուսաստանից ու Արեւմուտքից, սակայն կարեւոր է հասկանալ այն պատճառները, թե ինչու աշխարհում չկան դաշնակիցներ եւ ուժեր, որոնք պատրաստ են մեզ հետ լուծել մեր ազգային շահերին վերաբերող հարցերը։ Սա իշխանության ոչ ադեկվատ քաղաքականության արդյունքն է։ Վստահության լուրջ կրեդիտ ունենալով՝ Փաշինյանը կարող էր ուժի դիրքից առանց պատերազմի լուծել հարցը։ Կարելի էր տալ հինգ շրջանները եւ այնտեղ խաղաղապահների տեղակայել։ Նման դեպքում անվտանգության տեսանկյունից իրավիաճակն ավելի բարենպաստ կլիներ, քան այսօր»,-հավելեց Զուրաբյանը։