Հայաստանի արտաքին
գործերի նախարարի կողմից Մոսկվայի եռակողմ հանդիպման անտեսումը նպաստեց միայն Ադրբեջանին,
որը հնարավորություն ստացավ միակողմանիորեն ներկայացնել սեփական տեսակետը ոչ միայն
գործընկերներին, այլև զանգվածային լրատվամիջոցներին և լայն հասարակությանը։ Դա առավել
քան տարօրինակ է հիմա, երբ անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր միջազգային հարթակ՝
ուշադրություն հրավիրելու Արցախի շրջափակման վրա, որը բերել է մարդասիրական աղետի։
Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ Միրզոյանը չօգտագործեց անմիջապես Բայրամովի առջև բանայցությունների
շրջանակներում, խնդրահարույց հարցերը բարձրաձայնելու հնարավորությունը, իսկ ամփոփիչ
ասուլիսի ժամանակ ներկայացնելու սեփական դիրքորոշումը, Բայրամովի ոտնձգումներից պաշտպանելու
ոչ միայն հայերին, այլև հայկական պետականությունը, ինչպես նաև ռուս զինվորին, ով հայերի
համար միշտ եղել, և կարծում եմ, միշտ էլ կլինի խաղաղության, բարության և արդարության
խորհրդանիշ։
Հայաստանի Հանրապետության
անկախ գոյության տարիներին ես ոչ մի անգամ չեմ լսել, որ ռուսաստանյան ղեկավարությունը
դեմ լինի այլ երկրների հետ Հայաստանի բարեկամությանը։ Ինքս էլ, որպես միջազգային մարդասիրական
գործունեություն վարող մարդ, կողմնակից եմ երկրների միջև բարեկամական և բարիդրացիական
հարաբերություններին։ Բայց նրանք, ովքեր այսօր
հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ են սերմանում՝ փորձելով հայերին
թեքել ադրբեջանցիների և թուրքերի հետ իբր խաղաղ գոյակցության, պարտավոր են հասարակությանը
բացահայտել «հարցի գինը», այլ ոչ թե առասպելներ պատմել «խաղաղության դարաշրջանի» մասին։
Յուրաքանչյուր հայ պետք է իմանա և հիշի, թե ինչ գին են վճարելու ինքը և իր զավակները,
եթե արևմտյան ճնշման տակ հակաժողովրդական ուժերին հաջողվի Արցախից դուրս մղել Ռուսաստանին
և ռուս խաղաղապահներին։
Եթե Հայաստանի ղեկավարությունը
կարծում է, որ կան այլ երկրներ, որոնց զինվորականները կարող են ոչ թե գեղեցիկ հայտարարություններով,
այլ իրականում ապահովել Արցախում և Հայաստանում ապրող հայերի անվտանգությունը, պաշտպանել
հայկական սահմանները, ովքեր պատրաստ են Հայաստանի ձեռնարկություններին և բնակչությանը
շուկայականից մինչև հինգ անգամ էժան գնով գազ, իրենց ներքին գներով հացահատիկ, պարարտանյութեր
և այլն մատակարարել, խնդրեմ՝ կնքեք պայմանագրեր, կազմեք ճանապարհային քարտեզ, նշեք
ժամկետներ ու երաշխիքներ և սկսեք աշխատել։
Իսկ առայժմ՝ «հանուն աղքատների» բոլոր խոսակցությունները, ընդհակառակը՝ սադրանք են Հայաստանի բնակչության
հանդեպ, ովքեր գտնվում են տնտեսական գոյատևման եզրին, ովքեր Բաքվի ագրեսիայի մշտական
վտանգի առաջ, իրենց սոցիալական և այլ բազմաթիվ խնդիրներով չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել
և անձնականից դուրս մտածել։
Վերջին տարիներին փաստացի
ոչնչացվել են քաղաքացիակն հասարակության ինստիտուտները, արժեզրկվել է մտավորականությունը,
վերնախավը, չեն մնացել բարոյական չափանիշներ: Որպես հետևանք՝ հայ հանրությունը, մնալով
առանց առաջնորդների և բարոյական «փարոսների»,
խճճվել է պարտադրվող կեղծ արժեքների մեջ, ավելի ու ավելի հաճախ է ղեկավարվում զգացմունքներով՝
ի վնաս ռացիոնալ փաստարկների, ազգային և անձնական
շահերի։
Վստահ եմ, որ մենք այս ծանր ժամանակաշրջանն էլ կհաղթահարենք։
Հավատում եմ, որ մեր ժողովրդի իմաստնությունն ու տոկունությունը, ինչպես նայև գիտակցումը,
որ առաջին հերթին ինքներս ենք պատասխանատու մեր ճակատագրի համար, կգերակայեն և կօգնեն
միավորվել ու պահպանել մեր հայրենիքը և բարի համբավը։









