Foto

Ճեղքվածքը խորանում է

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ լարվածություն է նկատվում: Ավելին, դրա տակ ակհայտ, ինչ-որ տեղ նաև բացահայտ քաղաքական ուղղորդում կա, որն ունենում է ամենատարբեր դրսևորումներ։ Մասնավորապես, երեկ հայ-ռուսական բարձրաստիճան հարաբերություններում երկու անախորժ դրվագ արձանագրվեց։ Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և ռեգիոնում հանքավայրերի շահագործման հարցում կողմերի տարաձայնությունների պատճառով։ Իր խոսքում Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Արցախի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը։ Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Բայրամով-Լավրով եռակողմ հանդիպմանը (նախապես հայտարարվել էր մոտ երկու շաբաթ առաջ, երբ դեռ Լաչինում ոչինչ տեղի չէր ունեցել)։ Մեր ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։

Հավելենք, որ վերը նշված միջադեպին հաջորդեց ևս մի դրվագ, դարձյալ կսմիթային՝ այս անգամ դերակատարները Նիկոլ Փաշինյանն ու Մարիա Զախարովան էին։ Երեկ առավոտյան տեղի ուենցած կառավարության նիստին, Փաշինյանը նշել էր, թե եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Այս առիթով, ժամեր անց Զախարովան ասել էր «Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են։ Իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, աշխատանքներ են տարվում։ Մինչև այս իրավիճակի սրացումներ ոչ մեկ անգամ են եղել, կողմերը միմյանց էին մեղադրում, և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակի կարգավորման համար, և դա նրանց հաջողվել է։ Հետևաբար, մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքը չի ընդունվում»։

Կարող ենք փաստել, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ վաղուց կան, իսկ ստեղծված իրավիճակը և ՌԴ դիրքավորումը Լաչինի միջանցքում ստեղծված խնդրի շուրջ է՛լ ավելի է սրում հայ-ռուսական տրամադրությունները։ Ընդգծենք նաև, որ նման հայտարարությունները հրապարակային մակարդակով է՛լ ավելի են սրում իրավիճակը՝ խնդիրները հարթելու փոխարեն։

Իրականում փաստ է այն, որ Ռուսաստանն ունի տեղում փաստացի ներկայություն և, ինչպես տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, իրավիճակը հարթելու ուղղությամբ ինչ-ինչ գործողություններ արվում են, չնայած դրանց մասին չգիտես ինչու՝ չի բարձրաձայնվում։ Պարզ է, որ այդ աշխատանքի արագությունը գոհացնող չէ, բայց ինչպես տեղում իրավիճակը, այնպես էլ ՌԴ միջազգային իրավիճակն ունեն առանձնահատկություններ։ Այստեղ, ըստ էության, գլխավոր հարցն էլ ռուս խաղաղապահների մանդատի խոցելիությունն է, բազմաթիվ չճշգրտված հարցերը, որոնք ՌԴ-ն նոյեմբերի 9-ից հետո ցանկացել է հստակեցնել, ինչը չի հաջողվել։ Միանշանակ է, որ ներկայիս իրավիճակը ծուղակի նման է, եթե ՌԴ-ն իրավիճակը չհանգուցալուծի դիվանագիտական եղանակներով, այն շրջվելու է իր դեմ։

Արմեն Հովասափյան