Այսօր լրացավ 10-րդ օրը,
ինչ Արցախը աշխահին կապող կյանքի ճանապարհը փակված է ադրբեջանցի քվազի բնապահպանների
կողմից: Ավելին, բացի այն, որ շրջափակված է, էական ոչ մի քայլ չի կատարվում այն ապաշրջափակելու
նպատակով։
Ինչպես հայտնի է՝ ՌԴ ՊՆ-ն
հանդես եկավ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հերթական հայտարարությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում
է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով
երթևեկությունը վերականգնելու համար։ Ի դեպ՝ նաև ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի
պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Հավելենք, որ ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ստեղծված
ճգնաժամին անդրադարձել էր նաև Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվան ակնկալում է տրանսպորտային
կապերի վերականգնում ամենամոտ ապագայում։ Նա հատուկ ընդգծել էր, որ Արցախը Հայաստանին
կապող Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Փաստն այն է, որ խաղաղապահներն
ունեն կոնկրետ առաքելություն՝ ապահովել միջանցքի անխափանությունը։ Սակայն այն ապահովելու
ձևերը շատ տարբեր են, և, եթե տևական ժամանակ պարզապես բանակցությունները չեն օգնում, ապա խաղաղապահներն ունեն իրավունք՝ ինչ-որ ձևով վերականգնելու երթևեկությունը և կապը: Ավելին,
նրանք պարտավոր են դա անել։
Ըստ էության՝ խնդիրն այն է, որ ռուսական կողմի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որի երկու ելքերն էլ բացասական կարող են լինել հենց նույն ՌԴ ներկայության համար։ Եթե Ռուսաստանը չի բացում ճանապարհը (ինչին ականատես ենք 10 օր), դա հեղինակազրկում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ու, ըստ էության, դրանով ավելնորդ է դարձնում կոնտինգենտի ներկայությունը, եթե այն չի կարողանում դրված խնդիրը լուծել։ Երկրորդը՝ ռուսական կողմը որոշում է ուժային եղանակով բացել միջանցքը, որին անմիջապես հետևելու է Ադրբեջանի կողմից պահանջ՝ իրենց տեղակայման ժամկետի ավարտից շուտ ռուսական խաղաղապահներին դուրս բերել Արցախից։
Լինենք անկեղծ և փասենք,
որ հանգամանալից բացատրության կարիք չկա, որ ռուսական խաղաղապահների տեղակայման առաջին
իսկ օրվանից Ադրբեջանն իր այս նպատակը չի թաքցրել՝ խաղաղապահների ներկայությունը համարելով
լուրջ խոչընդոտ, իր վերջնական նպատակներին հասնելու ճանապարհին։ Ուստի Ռուսաստանն ինչ
որոշում էլ կայացնի, այն ՌԴ-ի համար բարդ հետևանքներ է ունենալու և ականհայտորեն ունենում
է։
Փորձենք հասկանալ, թե
ինչո՞ւ է հնարավոր դարձել այս իրավիճակը Ռուսաստանի համար։ Ըստ էության՝ գլխավոր թելադրող
պատճառը, իհարկե, ՌԴ աշխարհաքաղաքական իրավիճակն է՝ ուկրաինական պատերազը, Արևմուտքի
հետ աննախադեպ բասացական հարաբերությունները, որոնք է՛լ ավելի անհրաժեշտ են դարձրել
Ռուսաստանի համար մի շարք ոչ այդքան խնդրահարույց միջազգային հարաբերությունները՝ ինչպիսին
են Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի հետ հարաբերությունները։
Ըստ էության՝ սա այնպիսի փուլ է, երբ Ռուսաստանը ստիպված է շատ զարգացումներ չնկատելու
տալ, քանի որ ստեղծված իրավիճակից օգտվողները շատ են, իսկ ելքերի հնարավորությունները՝
քիչ։
Արմեն Հովասափյան









