Իմ հրապարակումներում
շատ եմ անդրադարձել փաշինյանական ստերին ու մանիպուլյացիաներին, քանիցս փաստել, որ
ամենատարբեր առիթներով նա միմյանց հակասող արտահայտություններ է անում։ Քիչ չեն նաև
այնպիսի պնդումները, որոնց արդյունքն ու ուղղակի հետևանքները տեսնում ենք միայն ամիսներ
անց։ Ցավոք, նման հայտարարությունները բավական շատ են՝ հատկապես Արցախի հետ կապված։ Արցախի
հարցում «նշաձողն իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց այս տարվա
գարնանը։ Հաջորդած 6-7 ամիսների ընթացքում այդ նշաձողն իջեցվեց այնպես ու այնքան, որ
Փաշինյանը հնարավորություն ստացավ միայն Հայաստանի 29.8 հազար քառակուսի մետրի պաշտպանության
մասին իր հայտարարությունները ներկայացնել՝ որպես հերոսություն։
Հաշված ամիսների
ընթացքում ամբողջ իշխանական, մերձիշխանական քաղաքական ու քարոզչական բառամթերքը կենտրոնացավ
այդ 29.8 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Եվ, որպես դրա շարունակություն, Նիկոլը բոլոր
հնարավոր միջոցներով Ալիևին սկսեց աղերսել՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը,
ինչը տեղի ունեցավ հոկտեմբերին՝ Պրահայում։ Փաշինյանն այդպիսով նաև
դե յուրե հրաժարվեց Արցախից՝ վերջինիս ճակատագիրը թողնելով Ռուսաստանի, Ֆրանսիայի,
ԱՄՆ-ի, ԵՄ տիրույթում։ Փաստացի նա Արցախի հարցը թողեց բոլորի
բարեհաճության վրա, բացի Հայաստանից։
Արցախի ու արցախյան հարցի դուրսբերումը Հայաստանի օրակարգից
ու արտաքին քաղաքականությունից նշանակում էր, որ հայկական շահն այլևս իր մեջ չի ներառում
Արցախն ու արցախցիների ճակատագրի պաշտպանությունը։ Այդ մասին, այլևս առանց ամոթի, հայտարարում
են ՀՀ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Խնդիրը ֆորմալ, իրավական ձևակերպումների տիրույթում չէ, երբ Հայաստանից
հնչում են հայտարարություններ, թե «Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության
ու պատասխանատվության գոտին է»։ Այո, դա այդպես է, բայց դրանից չի բխում, թե Հայաստանը,
որ շուրջ երեք տասնամյակ Արցախի անվտանգության երաշխավորն էր, ոչինչ չպետք է անի։
Ի դեպ՝ նույնը վերաբերում
է նաև «Բաքու-Ստեփանակերտ» երկխոսության մասին Հայաստանի իշխանության ներկայացուցիչների
հայտարարություններին, որը նրանք կրկնում են շուտասելուկի պես։ Բոլոր այս ուղերձների
հիմքում ընկած է այն հայեցակարգային դրույթը, որ Արցախն այլևս դուրս է դրված հայկական
շահի չափորոշիչներից, և Հայաստանը, որպես պետական կազմավորում, այլևս չի պաշտպանում
Արցախի շահերը։
Թերևս կհամաձայնեք, որ
նման իրողությունը կարևոր է ոչ միայն բարոյահոգեբանական հարթությունում, այն իմաստով,
որ պետականորեն Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, այլ էլ ավելի վտանգավոր է այն
ուղերձը, որ աշխարհն է ստացել այդ հրաժարումից։
Հիմա, երբ
որևէ երկրից կամ միջազգային կազմակերպությունից Հայաստանը, թեկուզ ձևականորեն, պահանջում
կամ խնդրում է հանդես գալ ի պաշտպանություն Արցախի, արցախցիների իրավունքների, նրան
վստահաբար հիշեցնում են, որ Հայաստանը նման իրավունք չունի, քանի որ ինքն է դուրս դրել
Արցախն այն համակարգից, ինչին ընդունված է անվանել պետական շահ։ Այսինքն՝ Նիկոլը, ինչպես և
նրա իշխանության որևէ ներկայացուցիչ, ոչ միայն քաղաքական, այլ նույնիսկ բարոյական իրավունք
չունեն որևէ մայրաքաղաքից պահանջել կամ անգամ խնդրել աջակցել Արցախին, քանի որ իրենք
են հրաժարվել այդ ոչ միայն՝ բարոյական, այլ նաև՝ ՀՀ պետականության հիմքում դրված անկյունաքարային
պարտականությունից։
Փաշինյանը
վաճառել է իր այդ պարտականությունը, վաճառել է բոլոր այն երկրներին, որոնց պետական
շահերի համակարգում Արցախը և նրա շուրջ զարգացումները նշանակություն ունեն։ Ավելին,
գնորդները, որոնց ցանկը սկսվում է Ադրբեջանով ու Թուրքիայով և չի ավարտվում Ռուսաստանով,
ԱՄՆ-ով կամ ԵՄ-ով, կարող են վճարած լինել տարբեր վճարամիջոցներով՝ սկսած կանխիկից՝
մինչև իշխանության պահպանման երաշխիքներ։ Համաձայնեք՝ դա արդեն երկրորդական հարց
է առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը Փաշինյանին Արցախին ու Հայաստանին
պատուհասած ողբերգության դիմաց շարունակում է վճարել անտարբեր հանդուրժողականությամբ
կամ, եթե կուզեք՝ հանդուրժող անտարբերությամբ։
Արմեն Հովասափյան









