Foto

Ինչպե՞ս ընկավ Շուշին կամ Անահիտ Ավանեսյանը մոլեգնում է

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստի չքննարկվող հարցերի մեջ ներառել է նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար 600 հազ. դոլար արժողությամբ նոր մասնաշենք կառուցելու հարցը: Առաջին հայացքից վատ բան չէ, մանավանդ, երբ հիմնավորման մեջ նշվում է մեր երկրի «աշխարհագրական դիրքը, տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը, որը լի է տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներով և ռազմական ագրեսիայի սպառնալիքով» (մեջբերումը՝ նախագծի հիմնավորումից): Սակայն, նախագծի հետագա ընթերցումից պարզվում է, որ նոր մասնաշենքը ոչ թե համալրելու է արյան և դրա բաղադրամասերի եղած անհրաժեշտ քանակների պատշաճ պահեստավորումը, հավաքագրվող արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, դրանց ռացիոնալ օգտագործումը, այլ փոխարինելու է Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում (պատկերացրեք աշխարհագրությունը) եղած արյան փոխներարկման կայաններին: Եթե հավատանք Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչության տվյալներին, ապա «արյան հավաքումն իրականացնող մարզային ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային և սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից» (մեջբերումը՝ նախագծի հիմնավորումից):

Ես չգիտեմ, թե տարածքային առկա հզորությունները համապատասխան չափանիշների բերելն ի՞նչ կարժենա: Սակայն պետք է նշեմ, որ նոր կառուցվելիք մասնաշենքի տեխնիկական հագեցումը վերը նշված 600 հազ. դոլարի մեջ չի մտնում: Այսինքն, այդ սարքավորումները կա՛մ պետք է Երևան տեղափոխվեն փակվող մարզային կենտրոններից, կա՛մ պետք է նորերը ձեռք բերվեն: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում արդեն եղած կենտրոնները վերանորգել և տեխնիկապես հագեցնել՝ դրանք Երևան տեղափոխելու փոխարեն:

Եթե Հայաստանի կառավարությունում ընդունում են, որ «ռազմական ագրեսիայի սպառնալիք» կա, ապա ի՞նչ տրամաբանությամբ են արյան մարզային կենտրոնները, երկրի հյուսիսից մինչև հարավ, տեղափոխում կենտրոն: Կասեք, որ Հայաստանի տարածքը փոքր է և հնարավոր է արյունը կամ դրա բաղադրիչները կենտրոնից օպերատիվորեն հասցնել ծայրամասեր: Այդ դեպքում մի հարց՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ 70 կմ է, բայց արդեն 11 օր նույնիսկ անձեռոցիկ չենք կարողանում հասցներ: Իսկ, եթե վաղը պատերազմ լինի ու թշնամին կտրի Սյունիքի ճանապարհը, ասենք՝ Ջերմուկի կամ Սև լճի մատույցներում, ո՞նց ենք տեղի հոսպիտալներին կամ ԲԿ-ներին արյուն հասցնելու, տեղում արյան հավաքագրումն ինչպե՞ս ենք կազմակերպելու:

Շուշին ընկավ ոչ թե այն պատճառով, որ հայ զինվորը չկռվեց, այլ որ պատերազմը սխալ էր կառավարվում: Եթե այսօր Հայաստանի իշխանությունները սխալ կազմակերպեն արյան բանկը և դրա գործունեությունը, ապա վաղը Սյունիքում մեր վիրավոր զինվորներն ուղղակի արյունաքամ են լինելու: Եթե Ադրբեջանցիների խելքն էլ չհասնի, նրանց թուրք գործընկերներն անպայման կհուշեն, որ հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը չի կարողանալու իր հեռավոր մարզերում պատշաճ բուժօգնություն ապահովել, որ դա կբերի անդառնալի կորուստների թվի ավելացման, խուճապի և կմեծացնի հայկական կողմի պարտվելու հավանականությունը: Իսկ դրա համար գերգաղտնի հետախուզություն պետք չէ, դա դրված է բաց աղբյուրներում՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից առաջ հրապարակում էր երկրում ստրատեգիական պաշարների տվյալները:

Հիմա մի քիչ շեղվենք բուն թեմայից: Բոլորս էլ լավ գիտենք, որ «կարևորը մենք ենք ու Ավստրիան»: Այսպես՝ Առաջին աշխարհամարտի մեկնարկից դեռևս տարիներ առաջ, ռուսական գլխավոր շտաբի հետախուզությունը Ավստրոհունգարական կայսրության տարածքում սագերի արտադրական սպանդի և դրանց պահածոների ստրատեգիական պաշարների ավելացումից եզրակացրել էր, որ այդ երկիրը պատրաստվում է պատերազմի, որովհետև ավստրիական բանակի սպաները սագի մսի պահածոներ էին ստանում:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան