Foto

Նոյմեմբերի 9-ի հայտարարությունը չի կատարվում, բայց հաջորդը կստորագրենք․ տրամաբանության փնտրտուք

Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատեց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը փաստացի չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդում է մյուս հակասական  հայատարարությունը՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի տարբերակ է առաջարկել և, եթե Ադրբեջանը համաձայնի, ապա պատրաստ է ստորագրել։ Այս դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ կա՞  երաշխիք, որ Ալիևը կկատարի նոր պայմանագրի կետերը։ Հարցը Vesti.am-ն ուղղել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանին։

-          Ոչ մի երաշխիք գոյություն չունի, որ Ալիևը կամ երաշխավոր երկիրը կկատարի իր պարտավորությունները։ Բնականաբար դա միայն Արցախին չի վերաբերում, այլ նաև Սյունիքին՝ դրա նկատմամբ վերահսկողությունը կորցնելուն։ Փաշինյանին պետք է հարցնել՝ դա ի՞նչ պայմանագիր է և ի՞նչ կետեր են։ Ինքը միայնակ որոշում կայացնելու իրավունք չունի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ճնշումների միջոցով կարողանում է իր ուզածին հասնել: Իսկ, այսպես կոչված, միջազգային հանրության համար Ադրբեջանը ճիշտ է գործել, քանի որ իր ուզածին հասնելը Հայաստանն ընդունել է։

-          Եթե հիմա երաշխիք չկա, ապա ով էլ լինի երաշխավոր կողմը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ մեկ ուրիշը, կկարողանա՞ ապահովել այդ պայմանգրի պատշաճ կատարումը, թե՞ կրկին կբավարարվեն կոչերով։

-           Այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Այդ հարցը պետք է տալ նրան, ով պատրաստվում է ինչ-որ բան ստորագրել։

-          Գիտակցելով, որ նոր պայմանգրի կետերը էլի չեն կարարվելու, ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ խոսում այդ պայմանգրի կարևորության մասին և հայտարարում, որ պատրաստ է ստորագրել։ Գուցե դիվանագիտական քա՞յլ է։

-          Ինքը հասկանում է, որ պայմանագիրն այս կամ այն կերպ ստորագրելն աշխարհաքաղաքական խնդիր է՝ հաշվի առնելով, որ խնդիրներ կան Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Ստորագրություն դնելով՝ ինքն այս կամ այն բլոկի մեջ է մտնում, որը,  ցանկացած տարբերակում, հղի է հետևանքներով։

-          Բանակցություններում կա «բանակցային դիրք» հասկացությունը։ Ներկայում մենք ունենք հայտարարություն, որը չի կատարավում, բայց պատրաստ ենք ստորագրել նորը։ Սա բանակցություններում չի թուլացնո՞ւմ հայկական կողմի դիրքերը։

-          Հայաստանը բանակցություններում որևէ դիրք չունի, որ թուլացնի։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան