Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին հարցը։
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, թե որոշակի խմբագրումներ են արել նախագծում, որոնք միտված են փաթեթն ավելի կատարելագործելուն։
«Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը, կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը», - նշեց նա։
Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև Ոստիկանության կարգապահական կանոնագրքում։
Փոխնախարարի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը չորս առաջարկ էր ներկայացրել, որոնցից երեքը նույնաբովանդակ են եղել, երեքն էլ չեն ընդունվել։
«Առաջարկվել է ոստիկանության բարձրագույն կոչումների շնորհման պրոցեսը շարունակել վերապահել ՀՀ նախագահին, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը դառնում է ՆԳՆ ենթակա պետական մարմին, կանոնակարգը գործել չի կարող։ Բացառություն է կազմում միայն Ներքին գործերի նախարարության հրամանատարական կազմը, որովհետև Ոստիկանության զորքերը համարվում են այլ զորքեր, հետևապես, կոչումների ու նշանակումների հետ կապված հարցերը գտնվում են ՀՀ նախագահի տիրույթում», - ասաց Սարգսյաը։
Նա նշեց, թե Ոստիկանության զորքերի հրամանատարին կնշանակի ՀՀ վարչապետը՝ նախագահի փոխարեն։
Ինչ վերաբերում է մահակի վերաբերյալ շատ քննարկմանը՝ Արփինե Սարգսյանն ասաց, թե մահակը պետք է լինի այնպիսին, որ բավարարի մարդու իրավունքների պաշտպանության բարձր ստանդարտներին։









