Նախորդ շաբաթ հայտնի դարձավ,
մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում, որը տեղի կունենա դարձյալ
Վլադիմիր Պուտինի հովանու ներքո: Ավելին, Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Փաշինյանն
ու Ալիևը կարող են հանդիպել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական
ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։ Վերջինս նաև հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է
ամեն կերպ աջակցել ՌԴ տարածքում հերթական հանդիպման անցկացմանը։ Ավելի վաղ Ջեյհուն
Բայրամովը, Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի
միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է
տեղի ունենալ մինչև տարեվերջ։ Նա հայտնել էր, որ փաստաթուղթն արդեն ներկայացվել է հայկական
կողմին:
Ըստ էության՝ Պրահայում
Մակրոնի մասնակցությամբ կայացած բանակցություններից հետո ռուսական կողմին հաջողվեց
ներքաշվել գործընթաց: Այս փուլում Հայաստանն ու Ադրբեջանը փորձելու են ռուսական հովանու
ներքո մի որոշ ժամանակ բանակցել, հանդիպել, ինչն, ըստ ամենայնի, երկարատև է, քանի որ
կողմերն են արդեն ընդունում, որ մոտակա ժամանակաշրջանում հնարավոր չէ որևէ բան ստորագրել:
Պարզապես աշխարհաքաղաքական նման բարդ փուլում, երբ կողմերը տեղափոխում են իրենց երկխոսությունը
Մոսկվա, դա միանշանակ բացասական գնահատական ու ընկալում է ունենալու Արևմուտքում՝ համապատասխան
արձագանքով, քանի որ բավականին երկար ժամանակ Բրյուսելը, մի փոքր ավելի քիչ՝ Վաշինգտոնը,
նաև Փարիզը բավական մեծ ջանքեր են ներդրել։
Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական կենտրոններից որևէ մեկը բովանդակության մեծ նորություն
չի առաջարկելու, առաջարկում և բանակցում են կողմերը, ուստի, եթե բովանդակության տարբերություն
չկա, նշանակում է՝ կա աշխարհաքաղաքական պատճառ: Գրեթե կասկածից վեր է, որ առաջիկա հանդիպումն
ու բանակցությունները որևէ լուրջ արդյունք չեն տալու, քանի որ բանակցույթունները փաստացի
փակուղային փուլում են: Ըստ էության, այս հանդիպմամբ կհաստատվի, որ հիմա էլ Ռուսաստանն
է գլխավոր միջնորդը, գուցե քննարկումներ ծավալվեն Պրահայի հայտարարության շուրջ: Ընդհանուր
առմամաբ տրամբանական է, որ ռուսական կողմը կփորձի կողմերից ինչ-որ հայտարարություն,
նոր շեշտադրումների շուրջ համաձայնություն կորզել և ցույց տալ արդյունք, որը կարևոր
է նաև Արևմուտքի հետ մրցակցության և ՌԴ միջազգային մեկուսացման իրավիճակում:
Պետք է արձանագրենք, որ
ստեղծված իրավիճակում ՌԴ-ին հարկավոր չէ, որ հակամարտության գոտում բոլոր հարցերը լուծվեն,
սակայն կարևոր է, որ Ռուսաստանը միջնորդի և այդ միջնորդության ընթացքում որոշ հաջողությունների
հասնի, դրա դիմաց կարողանա ստանալ խաղաղապահ մանդատի երկարաձգման համաձայնություն:
Տրամաբանական է, որ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին էլ
Ռուսաստանն այս գոտում կցանկանա որոշակի հաջողություններ գրանցել և առաջ գնալ Արևմուտքից:
Այսինքն՝ այն միտումը, որը կար այս տարվա փետրվարից, երբ ՌԴ-ն հեռավորություն էր պահպանում
այս կոնֆլիկտից և համակերպվել էր, որ դրանով զբաղվում է Արևմուտքը, ներկայումս փոխվել
է, քանի որ նախ՝ Արևմուտքում երկար բանակցեցին, երկրորդ՝ Ռուսաստանը հարմարվեց ճգնաժամային
իրավիճակին և սկսեց այլ կերպ գործել:
Արմեն Հովասափյան









