Foto

Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղարար առաքելությանը. Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, միջազգային «Լազարևյան ակումբի» կոորդինատոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղարար առաքելությանը:

«Ադրբեջանական կողմը, հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում, բնապահպանական մտահոգությունների կեղծ պատրվակով, կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության պայմանավորվածխությունները, որի տակ դրված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունները»,- ասել է Կ. Զատուլինը:

Նա նշել է, որ Բաքուն շտապում է իրականացնել իր նպատակները: Ադրբեջանական այս նոր սադրանքը հայերին հայրենի հողից դուրս մղելու ռազմավարության մասն է, որը կարող է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղետ առաջացնել: Ըստ Պետդումայի պատգամավորի, դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցումը ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես «բնապահպանների» նախաձեռնություն:

«Իմ համոզմամբ՝ Բաքվի գործողությունները նաև տարածաշրջանում ռուսական խաղաղարար առաքելությունը վարկաբեկելու փորձ է: Բաքվում հավանաբար կարծում են, որ Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունը բարենպաստ առիթ է՝ Անդրկովկասում նրա դերակատարությունը թուլացնելու համար: Արդյո՞ք Ադրբեջանում մի քիչ շուտ չեն կարծում, որ կարող են «Աստծու մորուսից բռնել»»,- պատկերավոր արտահայտվել է Զատուլինը:

Նա, անձամբ իր և միջազգային «Լազարևյան ակումբի» անունից, պահանջել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի դաշնության ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն, որպեսզի իրավիճակը վերադարձնեն բնականոն հունը:

«Ձգձգումների հետագա հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- հայտարարել է Կոնստանտին Զատուլինը: