Foto

Պետք է հասկանանք, որ նման իրավիճակներ կարող են հաճախ լինել, և պատրաստվենք․ տնտեսագետ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Լցակայաններում վառելիք առաջնհերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:

Սա թերևս ճանապարհի փակման հետևանքով Արցախում առաջացած առաջին հումանիտար խնդիրն է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը դեռ չի շտապում գնահատակններ տալ, բայց հետագա անելիքների առաջնահերթություններ է սահմանում։

«Գնահատականներ տալու համար, կարծում եմ, դեռ շուտ է։ Հաշվի առնելով ստեղծված իրողությունը, որ կարող է ճանապարհը փակվել՝ Արցախի կառավարությունը դրան պետք է որոշակի համապատասխան քայլեր իրականացնի։ Մասնաորապես՝ պետք է մի քանի ամսվա պաշարներ ունենա, սեփական արտադրություն։ Պետք է հասկանանք, որ նման իրավիճակներ կարող են հաճախ լինել։ Արցախում հարկավոր է ունենալ նաև էլեկտրաէներգիայի գեներատորներ, որ կոմպենսացնեն էլ․էներգիայի պակասը։ Հիմա Արցախը չի կարողանում էլեկտրաէներգիայի ինքնաբավություն ապահովել, այն դեպքում, երբ մինչև պատերազմը ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի  5 տոկոսը ստանում էինք Արցախից, իսկ հիմա Հայաստանն է մատակարարում՝ պակասորդը լրացնելու համար։ Պատերազմից հետո Արցախում նվազել է նաև պարենային ինքնաբավության մակարդակը՝ հողատարածքները կորցնելու արդյունքում։ Պետք է կառավարությունը փորձի ապահովել ինքնաբավություն, որ չսպասեն ՀՀ-ից կամ այլ երկրից պարենի մատակարարումների։ Պետք է ուշադրություն դարձնել նաև բենզինի, վառելիքի պաշարներին։ Արցախի պետնախարարը ճիշտ նշեց՝ պետք է խնայողաբար օգտագործել, բայց զուգահեռ պետք է քայլեր ձեռնարկել սեղմված գազի ուղղությամբ։ Արցախի գազի մատակարարումը իրականացվում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքով։ Պետք է Արցախի կառավարությունը քայլեր ձեռնարկի խողովակն այլ ճանապարհով անցկացնելու համար, որը չգտնվի Ադրբեջանական վերահսկողության տակ։ Ադրբեջանցիները տեղադրել են փական և իրեց ուզած կամայական օրը կարող են բացել և փակել այն։ Ինչ վերաբերում է ինտերնետային կապին, կարծում եմ, որ բացի մալուխային կապից կարիք կա արբայնակային կապ ունենալ։ Արցախի տնտեսությունը պետք է հասցնել հնարավորինս այլընտրանքային մատակարարման։ Անշուշտ այս ամենը լրացուցիչ ծախս է, և մենք  պետք է մտածենք Արցախի տնտեսությունն ավելի նորարարական և մրցունակ դարձնելու մասին»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան