Հայկական օրակարգի»-ի վերջին քննարկման ժամանակ (թեման՝ համընդհանուր անհոգությունն ու խաղաղության իլյուզիաները/ իմ գործընկեր Կարեն Վրթանեսյանը արեց հետևյալ հարցադրումները.
- Արդյո՞ք մեր ընդդիմությունն ունի իրականությունը գնահատելու ինստիտուցիոնալ համակարգեր
- Արդյո՞ք ընդդիմությունն ունի ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու համակարգեր. մենք այսօր խոսում ենք ինչ-որ բաներից, բայց արդեն մոռացել ենք, թե ինչից էինք խոսում 1 ամիս առաջ:
- Ինչո՞ւ ընդդիմությունը չկարողացավ կառուցել ընդդիմադիր ենթակառուցվածքներ։
Կարիք կա՝ հասկանալու, թե ինչ ունենք որպես «ընդդիմություն», և ինչ պետք է ունենանք փոխարենը։
Ունենք հիմնականում գրագետ ու պարկեշտ մարդկանցից կազմված խմբակցություններ և 1-2 տասնյակ հանրային գործիչներ, որոնք այս կամ այն չափով փորձում են չլռել։
Ու մենք ուզում ենք այս ռեսուրսով իշխանություն փոխել, արթնացնել հասարակությանն ու կանգնեցնել պետությունը կորցնելու պատմության անի՞վը։ Անլուրջ է այդպես մտածելը։ Չտեսնել սա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե չես ուզում։Փոխարենը՝ Հայաստանում կա լատենտ մտահոգության մթնոլորտ։ Բոլոր մտահոգ մարդիկ արդեն ընդդիմություն են։ Քաղաքական ճիշտ մենեջմենթի խնդիրն է՝ մտահոգությունը վերածել քաղաքական-հասարակական պրոցեսի։ 5-7 տոկոս մայրաքաղաքային և մարզային ակտիվից կազմված աշխատանքային մեքենան գործի կդնի թափանիվը, ու մենք կզարմանանք, թե քնած, անտարբեր հասարակությունն ինչպես է արագ վերափոխվում։ Մեր դիմաց կանգնած է երկիրը աղետի բերած իշխանությունը, և նրա հետ դասական ընդդիմության վարքագծով համակեցությունը աննորմալություն է։
Ի՞նչ խնդիր պետք է լուծի էֆեկտիվ ընդդիմությունը.
ա. Ճիշտ ձևակերպումներով բացատրել, թե ՀՀ-ում ինչու պետք է փոխվի իշխանությունը
բ. Ձևակերպել՝ ինչ է լինելու իշխանության փոփոխությունից հետո՝ պետության և քաղաքացու համապարփակ օրակարգը։
գ. Առաջացնել հանրային լայն սպասումներ ընդդիմությունից։
Սա բովանդակությունն է, որը պահանջում է գրագետ մենեջմենթ։ Անենք սա՝ կունենանք արթանացած հասարակություն, և պարզ ընդդիմության փոխարեն՝ ձևավորված ծանրակշիռ համակարգ, իշխանությանը լիարժեք այլընտրանք, որը ամեն պահի՝ արտահերթ, հերթական, կամ ֆորսմաժորային զարգացումներում կարող է վերցնել իշխանությունը և զերծ պահել պետությունը նոր աղետներից։
Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում։
Մենք սկսում ենք ամեն ինչի համակերպվել, ոչ մի բանից չսթափվել։ Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է։
Իշխանությունն ասում է՝ ես զենք չեմ կարողանում բերել, իսկ թուրքը կարող է հարձակվել. ո´չ հասարակության ռեակցիան կա, ոչ՝ ֆորմալ ընդդիմության։ Իշխանությունն ասում է՝ հրաժարվել եմ ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական աջակցությունից. դարձյալ՝ ոչ մի ռեակցիա։
Իշխանությունը Պրահայում Ղարաբաղը նվիրել է Ադրբեջանին, Պուտինն ու Լավրովը ասում են՝ այո, այդպես է եղել, ու եթե դեմը չառնեք, դա Ձեզ համար ունենալու է ճակատագրական հետևանքներ. էլի՝ ոչ մի հակազդեցություն։ Այսպես գնում ենք դեպի աղետ՝ ամիսների հաշվարկով։ Մենք նախորդ աղետին ու նախորդ պատերազմին համակերպվեցինք, իսկ հիմա սկսում ենք համակերպվել գալի՞ք աղետին ու պատերազմին։Մեզ ի՞նչ է պատահել, ե՞րբ պիտի սկսենք իրական դիմադրությունը։ Պիտի վերջապես հասկանանք՝ ո՞նց ենք պահելու մեր երկիրը։ Հենց դրա համար է պետք լուրջ ընդդիմադիր համակարգ, որը կհակակշռի ՄԵԿ հոգու ինքնաիշխանությանը, իսկ հետո կդառնա սոլիդ իշխանություն։