Foto

Ի՞նչ է ակնկալում Նիկոլ «Օստեն Բակենը» Իլհամ «Զայոնցից»

ԱԺ պաշտպանության հանձնաժողովը հիմա էլ բեղերը խոթում է ռազմամարզական կազմակերպությունների գործունեության ոլորտ: Նմանատիպ հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ստեղծման համար պետությունը ոչինչ չի արել, ավելին, դրանք ստեղծվել են ինքնաբուխ, սեփական միջոցների և նվիրատվություննրի հաշվին: Դեռ քիչ է, որ պետությունը դեռևս ոչ մի քայլ չի արել դրանց անդամներին երկրի պաշտպանական համակարգում լիարժեք ընդգրկելու համար, հիմա էլ փորձում է նրանց ներքին հարցերին խառնվել:

Մասնավորապես օրենքի նախագիծ է պատրաստվում, որով, ի թիվս այլ պահանջների, սահմանվելու է, որ ռազմամարզական կազմակերպության անդամներին արգելվի  հրապարակայնորեն կամ ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասայական խտրականության խոսք կամ վերաբերմունք:

Եթե հայերենի իմ իմացությունը համընկնում է նախագծի հեղինակների հետ, ապա ռազմամարզական կազմակերպության անդամը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ պետք է ունենա մոտավորապես այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ուներ Օստապ Բենդերի մանկության ընկեր Կոլյա Օստեն Բակենը իր մանության ընկերուհու՝ Ինգա Զայոնցի նկատմամբ:

 

Ես հեռու եմ այն մտքից, որ մեր ռազմամարզական կազմակերպություններում ատելություն է քարոզվում նեգրոիդների կամ մոնղոլոիդների նկատմամբ, Ավելին, վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր անդամակցում են այդ կազմակերպություններին, իրենց ժամանակի ու միջոցների ձեռքը կրակը չեն ընկել, նրանց կյանքի երազանքը սար ու ձորում, արևի ու անձրևի տակ թրև գալը չի: Ռազմական վարժանքներին մարդիկ մասնակցում են, որովհետև պետությունը դրանով չի զբաղվում, որովհետև տեսնում և իրենց մաշկի վրա զգում են Ադրբեջանից և Թուրքիայից ծագած հայրենազրկման և ցեղասպանվելու  վտանգը: Այդ ռազմամարզական կազմակերպությունների անդամները դեռ մինչև հիմա եռաբլուրում հողին են հանձնում իրենց զինակից ընկերների խոշտանգված մասունքները: Այսքանից հետո ինչպե՞ս են նրանց ստիպելու ադրբեջանցու, թուրքի կամ ինչ-որ անհայտ ծագմամբ վարձկանի նկատմամբ ատելություն չզգալ:

 

Նաև հարց է ծագում՝ կա՞ հայկական բանակի մի սպա կամ սերժանտ, ով իր զինվորներին չի մոտիվացնի թշնամու դեմ: Գուցե մեր բեղավոր ու ճոճվող օրենսդիրները բանակի փոխարեն օրիորդաց վարժարաննե՞ր հիմնեն, իսկ ինքնաձիգի փոխարեն ծիածանագույն դրոշակնե՞ր տան: Չեմ զարմանա, որ մի օր էլ բանակից վերացնեն նաև մեդալներն ու շքանշանները, իսկ ազգային հերոսներին հանձնեն թշնամուն, որպես բարի կամքի դրսևորում:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան