Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ` նաև առաջխաղացումների ձևով:
Մասնավորապես՝
Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Վերժինե Առաքելյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 2019-ի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ։
Հ․Գ․ Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվել էր դեռևս 2019 թվականին: Ինչպես նշել էր վարչապետի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվել էր քաղաքական հայտարարություն անելու համար։ Հավելենք, որ, նախքան պաշտոնից ազատվելը, Հովհաննես Քոչարյանն հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն։
«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված էր քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ էչ առաջարկում:









