«5-րդ
ալիքը», խոստմանը համաձայն, քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր
Սուքիասյանի նկատմամբ։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ
«Շարկ» ՍՊ ընկերությունը՝ նույն ինքը «5-րդ ալիքը», դատարան հայցադիմում է ներկայացրել
զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային հերքելուն պարտավորեցնելու
և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Սուքիասյանից պահանջում
են նաև ոչ նյութական 200 000 դրամ գումար փոխհատուցում։ Գործը նոյեմբերի 25-ին
մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին։
Հիշեցնենք,
որ նոյեմբերի 7-ին ԱԺ ճեպազրույցում Սուքիասյանը հունից դուրս եկավ «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի հարցից, որը վերաբերում էր ապօրինի գույքին և մասնավորապես
նշեց․ «Դուք «5-րդ ալիքից» եք, չէ՞, Դուք անհարմար չե՞ք
զգում, ապօրինի գույքը Ձեր էս ալիքի սեփականատիրոջն է: Մենք ամեն ինչ ձեռք ենք բերել
բիզնեսով: Ձեզ հարց եմ տալիս՝ Ձեր սեփականատերը՝ գող, ավազա՜կ, կյանքում ոչ մի բան
չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի: Դուք
դրա իրավունքը չունեք՝ լրատվություն կոչվելու, Դուք՝ Ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի
հետ գնացեք էդ միլիարդները բերե՛ք: 400-500 բնակարան… մարդիկ մնացել են առանց բնակարանի,
Հյուսիսային պողոտան կառուցվել է: Ինձ մյուս նախագահն է ասել՝ Սերժ Սարգսյանը: Ասել
է՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել է մեզ, մարդիկ առանց բնակարան են մնացել,
ասում է՝ մենք ենք առել դա»: Նա հստակեցրեց. «Ապօրինի գույքը Ձեր ու ձեր շրջապատինն
է, նրանց երեխաներինն է, բարեկամներինն է: ՀՀ-ում մոտավորապես 4-5 ապահովագրական կառույց
կա, եթե որեւէ մեկի շահը չեք հետապնդում, գնացեք հանեք, թե Թեր սեփականատերը ինչքան
է պետական մարմնի մեքենա կամ գույք ապահովագրել»: Լրագրողները Սուքիասյանին հիշեցրին՝ Դուք էլ Սերժ Սարգսյանի
իշխանության ժամանակ Բաղրամյան 26-ինն էիք ապահովագրում՝ Սուքիասյանը արձագանքեց, որ
քանակը պետք է նայեն: Նորից խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Սուքիասյանն ասաց. «Մարդը
ոչ մի տեղ չի աշխատել, ամբողջ կյանքը եղել է քաղաքական գործիչ, ասում եմ ՝ սա ի՞նչ
է, ասում է՝ իրենն է, է՞ն ումն է՝ իրենն է: Բիզնեսը, որ սաղ կյանքը աշխատել է ու սրանց
նմաններին էլ տարել վճարել է, մի օր էլ որոշել են, որ այսինչ գյուղից այսինչը պիտի
գա ու այսինչով զբաղվի»:
5-րդ
ալիքը նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ և խոստացավ հարցին տալ իրավական գնահատական։
Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական դատարանից պահանջում է ստուգել, ապա
վերադարձնել «Սիլ Պլազայի» շենքը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Նկատենք,
սակայն, որ արդեն իսկ կա դատական նախադեպ Արմեն Գևորգյանի գործով, երբ դատարանը գտել
է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Սուքիասյանը չի հասկանում իր արած արտահայտությունների
իրավական նշանակությունը։ Եթե այս տարամաբանությանմբ առաջնորդվի նաև դատավոր Մուրադ
Հովակիմյանը, ապա նա կշարունակի պատասխան չտալ: Այդ դեպքում ինչո՞ւ է իր արտահայտությունների
իրավական նշանակությունը չհասկացող մարդն օրենքներ գրում մյուսների համար և պատասխանում
լրագրողների հարցերին։ Տեսնես այս անգամ Խաչատուր Սուքիասյանը գիտակցելո՞վ
է խոսել։
Հ․ Գ․ Դատալեքսից տեղեկանում ենք, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ նույնաբովանդակ արդեն 4 պահանջ կա, որոնցից միայն մեկով՝ Արմեն Գևորգյանի գործով, վճիռ կա: Այնտեղ հստակ նշված է, որ վերջինս չի գիտակցում իր ասածի իրավական հետևանքները։ Փաստորեն, Սուքիասյանի դեպքում չիմացությունն օգնում է խուսափել պատասխանատվությունից։









