Foto

Մինչև 2024թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. նախագիծն ԱԺ-ում է

Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. նախագիծն այսօր քննարկվեց Ազգային ժողովի նիստում:

«Ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրեր ստեղծելն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը», - նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նախագծով նախատեսվում է  նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը:

«Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից», - նշեց փոխոստիկանապետը: