Աշխարհաքաղաքական ընդհանուր
էսկալացիաների ֆոնին մի տեսակ հետին պլան է մղվել դիվանագիտական գործընթացներն
ու բանակցային պրոցեսները, սակայն չպետք է մոռանալ, որ հենց դրանց շուրջ, ավելի կոնկրետ
դրանց վրա է կերտվում ողջ գեոպոլիտիկան։ Օրերս Սերգեյ Լավրովն, ըստ էության, ուղիղ
տեքստով բացահայտեց, թե ինչպիսին կարող է լինել ԼՂ կարգավիճակի շուրջ խոսակցությունը
նաև հնարավոր ռուսական միջնորդությամբ սպասվող Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում:
Մասնավորապես, Լավրովը,
մեկնաբանելով Պրահայի հանդիպումը, ուշադրություն հրավիրեց այն հայտարարության վրա,
որն ընդունվել էր այդ բանակցությունների արդյունքում՝ հիշեցնելով հղումները ՄԱԿ-ի կանոնադրությանն
ու Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին: «Հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական
հանրապետությունները կազմում են ԱՊՀ և հաստատում են սահմանների անձեռնամխելիությունը։
Այն սահմանները, որոնք կային միութենական հանրապետությունների միջև»,- ասել է նա: Ըստ
Լավրովի՝ Պրահայի հայտարարությունը հավանության է արժանացել Հայաստանի, Ադրբեջանի,
Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարի կողմից, և դա, Լավրովի տեսանկյունից, հեշտացնում
է հետագա աշխատանքը, քանի որ այն որոշում է, թե ինչպես մոտենալ ԼՂ կարգավիճակի խնդրին:
Ի հավելումն վերը նշված
մոտեցմանը, ՌԴ գլխավոր դիվանագետը հավելել է․ «Ի զուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է
ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան՝ Ղարաբաղում հայ բնակչության
իրավունքների ապահովման: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել
և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ
քաղաքացիներ։ ԱՊՀ ստեղծման Ալմա Աթայի հռչակագիրը հստակ նշում է, որ նոր պետությունների
միջև սահմանները հիմնվելու են հետխորհրդային պետությունների միջև ադմինիստրատիվ սահմանների
վրա, որտեղ ԼՂ ինքնավար մարզը միանշանակ հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ-ի մասը: Ուստի, ստորագրելով այդ պայմանավորվածությունը, մեզ հայ գործընկերներն ասում են՝ թող ՌԴ-ն
հաստատի իր առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում: Դուք ինքներդ եք հասկանում, դա
մի փոքր բանակցությունների վարման օպերայից չէ, այլ՝ այլ օպերայից է»:
Ըստ էության՝ կարող ենք
փաստել, որ Լավրովն իր այս պնդմամբ բացահայտում է, որ ռուսական այն առաջարկները, որոնցից
Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ «Վալդայ» ակումբում խոսեց Պուտինը, այլևս չկան։ Ավելին՝
ստացվում է, որ եվրոպական փաթեթը, մասնավորապես՝ Պրահայի քառակողմ պայմանավորվածությունների
փաթեթը, պարզապես տեղափոխվել է ռուսական հովանու ներքո: Ակհայտ է նաև այն, որ այս ամենի
պատասխանատվությունը Լավրովը փաստացի դնում է հայկական կողմի վրա՝ բացահայտ ծաղրելով
հայկական դիվանագիտությունը և անձամբ Փաշինյանին, ով թվիթերում հույս էր հայտնել, թե
ռուսական կողմը կպաշտպանի իր առաջարկները:
Դիտարկենք, թե ինչ իրադարձություններ եղան, որոնք ուղղակիորեն խոսում են հնթացս
տեղի ուենցող շարժերի մասին։ Մասնավորապես, ուշադրության է արժանի Հայաստանի ու Ադրբեջանի
միջև ՌԴ կողմից տարվող ակտիվ աշխատանքները․ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահն ունեցել է շուրջ
3 հեռախոսազրույց Իլհամ Ալիևի հետ, ապա Ադրբեջանում էր ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ
Իգոր Խովաևը՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության
համաձայնագիրը»: Ավելին, նոյեմբերի 23-ին, Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովում
ևս, Ռուսաստանի և Բելառուսի նախագահների կողմից անդրադարձ եղավ հնարավոր «Խաղաղության
պայմանագրին», իսկ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ոգևորված չէր:
Համադրելով առկա փաստերը՝ ստացվում է, որ ամիսներ շարունակ քննարկվող ռուսական առաջարկները, որոնցում ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում էր ապագա սերունդներին կամ գոնե այդպես էր հայտարարվում, իսկ կարգավիճակի մասին առանձնահատուկ ակնարկներ կային նաև Պուտինի Վալդայի ելույթում, փոխվել են: Հայկական կողմը, որը եվրոպական հարթակում համաձայնել էր խաղի լիովին այլ կանոնների և պայմանների, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի մասով, ռուսական կողմից ակնկալում էր կարգավիճակի հարցում հայամետ, բեկումնային քայլեր՝ անձամբ չխոսելով ԼՂ ինքնորոշման իրավունքի անհրաժեշտության և կարգավիճակի մասին: Ասել է թե՝ ՀՀ իշխանությունների հղումները «ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովմանը» ըստ էության խաչ քաշեցին նաև այն հնարավորությունների վրա, որոնք նշմարվում էին ռուսական առաջարկներում՝ ԼՂ կարգավիճակի մասով:
Ունեցանք այն, ինչի մասին խոսում էին բազմամյա փորձ ունենցող տարբեր փորձագետներ։ Փաստացի կանգնեցինք հերթական կոտրած տաշտակի առաձ, երբ ՀՀ ներկայիս դիվանագիտական գավառամիտ խորամանկությունը՝ բանակցային ռուսական հարթակից ցատկերը եվրոպական և հակառակը՝ անհասկանալի ուղերձներով և տարբերվող պահանջներով, ռուսական կողմին լայն հնարավորություն տվեցին մանրևել սեփական առաջարկներից՝ այս պահի դրությամբ հմտորեն փոխելով խաղի կանոններ: Այլ բնորոշմամբ՝ ռուսական կողմն այս փուլում կարողացավ ՀՀ իշխանությունների սնանկ թեզերը լավագույնս օգտագործել ՀՀ իշխանությունների դեմ՝ կարգավիճակի հարցում զբաղեցնելով ադրբեջանամետ դիրքորոշում:
Արմեն Հովասափյան









