Foto

Ջերմուկում կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները

Ջերմուկ քաղաքում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը՝ ներկայացնելով լուսանկարներ։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել ՀՀ  ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Թշնամին հրետակոծել էր Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը, Ջերմուկի ուղղությամբ կիրառել է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։

«Ջերմուկի  ուղղությամբ հակառակորդն իր  հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել է  ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ տեղեկացնելով, որ Ջերմուկ քաղաքից  մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կիլոմետր։