Foto

Արցախյան բոլոր պատերազմներում Արցախի ոստիկանն առաջնագծում է. Արտյոմ Հարությունյան

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրն է:

«Կազմավորման օրվանից Արցախի Հանրապետության ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավունքների, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխավորն է:

Դժվար, բայցև պատվաբեր ուղի է անցել  Արցախի ոստիկանը,  վաստակելով մեր երկրի իրավակարգի պաշտպանը լինելու պատիվը: Իհարկե, այս ամենը՝ համակարգում ծառայող նվիրյալների շնորհիվ:

Հաղթահարելով անցած տասնամյակների փոփոխությունների բարդ շրջափուլերն ու երկրին պատուհասած դժվարությունները, ոստիկանությունը րոպե անգամ չի ընկրկել, շարունակել է ծառայել հասարակությանն ու պետությանը:
Հանցավորության դեմ ամենօրյա պայքարում, հասարակական կարգի ապահովման գործում և՛ թե արցախյան բոլոր պատերազմներում, Արցախի ոստիկանն առաջնագծում է:

Պատերազմի օրերին նրանք անձնազոհություն ցուցաբերեցին, իսկ վերջին՝ 44-օրյա պատերազմում 11 ծառայող ընկան հերոսի մահով: Փառք ու խոնարհում անմահ ոստիկաններին:

Մեզ համար անչափ կարևոր է համակարգի բարեփոխումներին ու արդիականացմանն ուղղված Արցախի Հանրապետության կառավարության և ՆԳ նախարարության  աջակցությունը, որի շնորհիվ կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինումն ավելի է բարձրացնում կառույցի հեղինակությունը:

Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին հասարակության վստահությունը ոստիկանի հանդեպ մեծացել է: Սա, միանշամակ  նվիրված աշխատանքի արդյունք է, քանի որ ոստիկանի ուսերին է դրված հասարակական կարգի պահպանության, երկրի ներքին անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, բացահայտման և անվտանգ միջավայր ձևավորելու պատասխանատու գործը։

Հանրապետությունում օր-օրի ընդլայնվում է ոստիկանության ներկայությունը: Սկսած սահմանամերձ բնակավայրերից՝ պարեկային ծառայությունն արդեն դարձել է  ոստիկանության կայացած օղակներից մեկը։

Համակարգի կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների աշխատանքն արագ ու օպերատիվ կազմակերպելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ բոլոր ծառայությունների գծով գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։

Յուրաքանչյուրիս վարքագիծն ու կերպարը դա մի մասն է ոստիկանության  ընդհանրական կերպարի ու բարոյականության: Մեր բարեվարքությամբ ու օրինակով արժանի լինենք  մեր ժողովրդին:

Մասնագիտական օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ», - ասվում է Արցախի ոստիկանապետ Արտյոմ Հարությունյանի ուղերձում։