Foto

Հակառուսական հիստերիան հասել է Ադրբեջանի Խորհրդարան

Արհեստածին Ադրբեջանի խորհրդարանի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովը բողոք կներկայացնի Ռուսաստանի Պետդումային՝ Արցախի տեղանունները պատմական անվանումներով կոչելու համար։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Մեջլիսի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը։

Նա ասել է, թե, իբր, ռուս խաղաղապահները անհարգալից են վերաբերվում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին։

Ադրբեջանցի պաշտոնյան, գնալով առճակատման, նշել է, թե ռուս խաղաղապահներն աջակցում են «անջատողականներին»՝ խեղաթյուրելով, այդսպես կոչված, ադրբեջանական տեղանունները։ «Եթե խաղաղապահներն ի վիճակի չեն կատարելու իրենց գործառույթները, ապա թող դադարեցնեն իրենց գործունեությունը։ Մեզ պետք են խաղաղապահներ և ոչ թե անջատողականներ»,- ասել է ադրբեջանցին։

Այսպիսով՝ հայկական Արցախի զգալի մասը բռնազավթած Ադրբեջանի բարձարստիճան պաշտոնյաները բացահայտ առճակատման են գնում արդեն նաև ռուսների հետ, քանի որ նրանց դուր չի եկել այն, որ ռուսները հարգում են պատմական փաստերն ու Արցախի բնակավայրերը կոչում իրենց պատմական ու իրական անվանումներով։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանցիների կողմից Արցախում հրադադարի խախտման դեպքերը՝ կրակելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ։ Հրադադարի խախտման դեպքերն արձանագրում են նաեւ ռուս խաղաղապահները՝ նշելով կոնկրետ բնակավայրերը՝ հայկական տեղանուններով։ Ադրբեջանցիները բողոքել էին հայկական տեղանուններն օգտագործելու առնչությամբ՝ չվիճարկելով բուն հրադադարի խախտումը, ինչին կտրուկ արձագանքել էր ռուս խաղաղապահների զորախումբը՝ շեշտելով, որ Ռուսաստանի ՊՆ-ն օգտագործում է այն տեղանունները, որոնք նշված են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզներում ու ավելացրել, որ «բոլորովին վատ չէր լինի, որ Ադրբեջանի հանրապետության ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ, սերտ համագործակցելով, այդ թվում՝ տեղում, շարունակեր աշխատանքը՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ»։

Աղբյուր` Փաստինֆո