Foto

Բանակցությունները կտեղափոխվե՞ն ՌԴ տիրույթ

Վերջին մի քանի օրերի, և չի բացառվում որ առաջիկա շաբաթների, հայաստանյան քաղաքական և տեղեկատվական տիրույթում օրակարգային էին ՀԱՊԿ համաժողովն ու դրա հետ ուղղակի ասոցացվող զարգացումները։ Ինչ խոսք՝ թեման առաջնային է, և՛ առանցքային և՛ հանրային լայն շրջանակաները բավականին ոգևորված լծվել են այն տիրաժավորելու գործընթացին։

Ըստ էության՝ այս ընթացքում որոշակի ռիթմիկ տենդենցների էինք ականատես լինում․ մասնավորապես, մինչ հայաստանյան քաղաքական դաշտի ու հանրության ուշադրության կենտրոնում ՀԱՊԿ գագաթնաժողովն էր և դրանից բխող՝ ՀԱՊԿ-ը լքելու կամ ՀԱՊԿ-ում մնալու թեման, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի աշխատանքային կարճատև այցը Երևան, ուշագրավ հաճախականությամբ կոնտակտներ են նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Աշխարահաքաղաքական վարիացիաներին հետևողներն անշուշտ կհամաձայնեն, որ նշված շփումներն, ըստ ամենայնի, Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, կարգավորման ռուսական առաջարկների շուրջ են: Ինչպես հայտնի է պաշտոնական հաղորդագրություններից՝ մեկ շաբաթվա ընթացքում Պուտին-Ալիև երկու հեռախոսազրույց է տեղի ունեցել, առաջինը՝ նոյեմբերի 17-ին, երկրորդը՝ նոյեմբերի 22-ին: Կոնտակտների այս հաճախականությունը տարօրինակ երևույթ է ռուս-ադրբեջանական բարձրաստիճան շփումների շրջանակում, քանի որ, հավանաբար շատերը կհիշեն, որ ուկրաինական պատերազմի ֆոնին էապես կրճատվել էին Պուտին-Ալիև հեռախոսազանգերը: Ասել է թե՝ այս երկու հեռախոսազանգերը նշանակում են, որ կա խոսակցության ու բանակցության հստակ թեմա: Կարելի է ենթադրել, որ Պուտինը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում նոր պարտիա է խաղարկում, որտեղ հիմնական ֆիգուրանտը ռուսական կողմն է։

Եվ այսպես, փորձենք դիտարկենլ, թե ինչի մասին է խոսքը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ի հեռախոսազրույցում կողմերը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության որոշակի հարցեր, իսկ նոյեմբերի 22-ին քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները։ «Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանահայկական սահմանին անվտանգության ապահովման և Հվ Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար»,- ասված է ռելիզում:

Ի դեպ՝ Պուտին-Ալիև հեռախոսազանգերի ֆոնին նախօրեին հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Այստեղ առանցքային են և իրենց մեջ որոշակի խորքային ենթատեքստեր են պարունակում ՀԱՊԿ ղեկավարների նեղ և ընդլայնված կազմերով նիստերի ընթացքում Պուտինի ու Լուկաշենկոյի ելույթները: Ըստ էության՝ Պուտինն իր խոսքում նշել էր«Տեղի ունեցած բանակցությունները լավ հիմք են ստեղծել ապագա հիմնարար հարցերի շուրջ փոխզիջումների համար։ Կարևոր է, որ համատեղ հայտարարությունը վերահաստատեց հավատարմությունը եռակողմ պայմանավորվածություններին ամենաբարձր մակարդակով, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ՝ 2020 և 2021 թվականներին, ինչպես նաև մեր փոխգործակցության համատեղ ձևաչափի առանցքային դերը Հվ Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Միայն սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման շուրջ այս պայմանավորվածությունների հետևողական կատարմամբ է հնարավոր հասնել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել էր նա։

Այստեղ շատ կարևոր է այն փաստը, որ Լուկաշենկոն ևս խոսել էր, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» մասին: «Եթե մենք գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, հակամարտությունը կավարտվի, և խաղաղություն կլինի. պայմանագիրը կկնքվի, ես, օրինակ, ոգևորությամբ եմ դա ընդունում»,- ասել էր նա։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ, չնայած այն հանգամանքին, որ Սոչիի եռակողմ հանդիպումը ակնառու արդյունքներ չարձանագրեց, սակայն փաստորեն այս հանդիպումից հետո ռուսական կողմի ներկայացված առաջարկներն ակտիվորեն քննարկվում են, իսկ արևմտյան գործընթացն ակնհայտորեն դանդաղել է: Ակնհայտ է դառնում նաև, որ ռուսական կողմը փորձում է Արևմուտքի կողմից համակարգվող հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տեղափոխել Ռուսաստանի տիրույթ՝ ներկայումս Ալիևի հետ բանակցելով գլխավոր հարցերի համաձայնեցման շուրջ:

Արմեն Հովասափյան