Foto

Ըստ դատարանի՝ Սուքիասյանը դատողական-գնահատողական եզրահանգումներ է արել՝ չհասկանալով դրանց իրավական բովանդակությունը

«Արմեն Գևորգյանը՝ ընդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործի շրջանակներում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը եզրակացրել է, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պարտավոր չէ գիտակցել իր կողմից հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը, քանի որ նա իրավաբանի կրթություն չունի։

Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Գևորգյանի հասցեին ասել էր․ «Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք՝ 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի էդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի, ընտրություններ ա. էդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում: Բայց էդ ընթացքում ի՞նչ էր լինում. հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գևորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլարի տեր ա: Մեկդ չի՞ հարցնում` որտեղի՞ց իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ո՞վ ա էդ իրավունքը տվել»: Այս արտահայտությունների համար էլ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը 17․09․2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի, դատարանից պահանջելով՝ Սուքիասյանին պարտավորեցնել, որ նա հերքի իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող տեղեկությունները։

Այս արտահայտությունները դատարանը չի համարել Գևորգյանի նկատմամբ զրպարտություն՝ հիմնավորելով, որ Սուքիասյանը քննչական մարմնի տարածած հաղորդագրության հիման վրա դատողական-գնահատողական եզրահանգումներ է արել՝ չհասկանալով դրանց իրավական բովանդակությունը: Ուշագրավ է, որ դատարանը, սեփական նախաձեռնությամբ, parliament.am կայքից պարզել է, որ Խաչատուր Սուքիասյանը չունի իրավաբանի կրթություն։ Իսկ հնչեցված արտահայտություններին նախորդել են ՀՔԾ կայքէջում և մամուլում հրապարակված հոդվածները` «Արմեն Գեւորգյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ», որոնց վրա էլ, ըստ դատարանի, հենվել է Խ. Սուքիասյանը` վստահելով դրանց, քանի որ իրավաբանական կրթություն չունի: Դատարանն անդրադարձել է նաև Սուքիասյանի խոսքում նշված` Արմեն Գևոգյանին պատկանող 57 գույքին: Այստեղ էլ է դատավորը գտել է, որ «դրանից չի փոփոխվում պատասխանողի ելույթի ընդհանուր իմաստը և բնույթը, այն չունի էական նշանակություն»։

 Դատավոր Սերգեյ Սահակյանն իրավաբանության մեջ նորամուծություն է մտցում։ Բանն այն է, որ նա փոխում է միջազգային իրավական սովորույթի և բոլոր օրենսգրքերում ամրագրված նորմը, որը սահմանում է՝ չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Փաստորեն, ՀՀ-ում ժողովրադավարությունը, որպես բրենդ հռչակած ուժի համար այս օրենքն էլ կարելի է շրջանցել։ Եթե մի պահ դիտարկենք, որ Փաշինյանի իշխանության օրոք չի կարող ոչ արդար դատավճիռ լինել, ապա դատարանը հստակ արձանագրում է, որ ՀՀ օրենսդիր մարմնում կա մի անձ, ով օրենքներ է ընդունում, բայց չի հասկանում դրանց իրավական նշանակությունը։ Սա հանդուրժելի՞ է իշխանության համար։ Սուքիասյանն, ով իր ասածը չի հասկանում, իսկ վճռից հասկանում ենք, որ նաև դրանց համար պատասխանատվություն չի կրում, մեղադրում է Գևորգյանին՝ բիզնես չունենալով հարստանալու մեջ, իսկ իրեն համարում է հաջողակ բիզնեսմեն։ Այդ ինչպե՞ս է, որ այդքան հաջողակ բիզնեսմենը չի գիտակցում իր ասածների իրավական նշանակությունը և հիմնվում է ՔԿ հայտարարության վրա, որտեղ, ի դեպ, 57 գույքի մասին ոչինչ չկա։

Ի դեպ, օրերս Դատախազությունն ասում էր, որ «Սիլ պլազայի» շենքն ապօրինի է: Բայց Սուքիասյանը սա որպես միանշանակ ճշմարտություն չի ընկալել, չէ՞։ Ամեն դեպքում այս որոշումը, որպես նախադեպ, պետք է պահել, քանի որ Սուքիասյանին սա դեռ էլի է պետք գալու, քանի որ օրեր առաջ կրկին, հավանաբար չհասկանալով՝ 5-րդ ալիքի լրագրողին էր մեղադրում ապօրինի հարստանալու և այլ բաների մեջ։ Սա նախադեպ կարող է լինել նաև Սերժ Սարգսյանի գործով՝ որտեղ, հավանաբար, Սուքիասյանը չի հասկացել, որ Սարգսյանը Բադեն-Բադենում այդքան գումար տանուլ չի տվել և գնահատել է, որ Բեդեն-Բադեն մեկնած մարդը, երևի այդքան գումարով է խաղադրույք անում։ Գուցե ժամանակին Գերմանիայում էլ մի հայտարարություն եղած լինի՝ խաղադրույքի նման չափերի վերաբերյալ։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան