Foto

Բանակցային խնդրահարույց փուլերն ունենում են նաև ռազմական հետևանքներ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային գործընթացը շարունակում է ամենօրյա ռեժիմով նորանոր զարգացումներ ստանալ։ Թեմայի հետ կապված՝ անընդհատ տարբեր հայտարարություններ ու մեկնաբանություններ են շրջանառվում։ Օրերս այս առիթով տեղի էր ունեցել հերթական հեռախոսազրույցը ամերիկյան ֆորմատում․ մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած երկու երկրների ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Բացի դրանից՝ Բլինքենը ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։  

Ներկայումս տեղի ունենցող ակտիվ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական գործընթացները փակ են, և բարդ է հստակ նշել, թե ինչը երբ է ազդում կողմերի տրամադրվածության ու որոշումների վրա: Միաժամանակ բարդ է ասել՝ դա փոխվել է սեպտեմբերյա՞ն իրավիճակից, Պրահայի հանդիպումի՞ց, թե՞ կողմերի հռետորաբանությունից հետո: Ըստ էության՝ չի բացառվում նաև, որ շահագրգիռ կողմերը կամ կողմերից մեկն ակտիվ խաղում է Հայաստան-Ադրբեջան հարթությունում աշխարհաքաղաքական մրցակցության վրա՝ փորձելով ավելի որակյալ պայմանավորվածություններ ունենալ ապագա հնարավոր պայմանագրով:

Ներկա պահին ԱՄՆ-ը շարունակում է իր միջնորդական ջանքերը, որոնք այսօր ավելի ինտենսիվ են, քան ռուսականը: Կարևոր է նշել, որ ԱՄՆ ջանքերը կարծես մակերեսային բնույթ են կրում, բովանդակային առումով պայմանավորվածություններով չեն ամրապնդվում, ինչը խոցելի է դարձնում ԱՄՆ միջնորդությունը: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ երբ կողմերի հռետորաբանությունն այսչափ սրվում է, ապա բանակցություններում լուրջ տարաձայնություններ կան:

Այս բանակցային «շիլան» իր մեջ մեծ վտանգ է պարունակում այն առումով, որ չկա հստակ մեկ միջնորդ, իսկ եղած մի քանի միջնորդներն իրար հետ խնդիրներ ունեն, իսկ տվյալ դեպքում վտանգավորն այն է, որ միջնորդների աշխարհաքաղաքական տարաձայնություններն ուղղակի իրենց ատացոլում են ունենալու ողջ բանակցային գործընթացի վրա: Ինչպես տեսնում ենք՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում «զենքերը վայր դնել» այս հարցով, սակայն չի գնում պարտադրման ճանապարհով, այսօր այդ հեռանկարը չի հետաքրքրում ո՛չ Վաշինգտոնին, ո՛չ Մոսկվային: Պարզապես, մի փոքր հույս է ներշնչում այն հանգամանքը, որ բանակցային խնդիրները չեն վերաճի ավելի լուրջ դիմակայության, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված են եվրոպացի դիտորդներ (տվյալ դեպքում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է լինելու, եթե, ասենք, չստորագրվի խաղաղության պայմանագիրը, և նրանց տեղակայման ժամկետն ավարտվի):


Միջազգային դիվանագիտական պրակտիկան արձանագրում է, որ, ի վերջո, միջնորդն իր կարգավիճակն ամրապնդում է արդյունքներով: ԵԱՀԿ ՄԽ-ն փաստացի այսօր չի գործում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ով գոնե մեկ փաստաթուղթ չհաջողվեց ամրագրել: Բայց վերջին շաբաթների ընթացքում կարծես ավելի հաճախ է խոսվում Ղարաբաղի կարգավիճակի, խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին: Փաստենք, որ մինչ այս ամենը թվում էր, թե հարցն առանձնացվել է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» ստորագրման թեմայից: Գուցե սա նշան է, որ կողմերը սպասում են ռուսական նոր առաջարկների, որոնցում խոսք կար Ղարաբաղի կարգավիճակի մասին, կամ՝ գոնե հայկական կողմն է սպասում, քանի որ վերջին շրջանում հայկական կողմը ռուսական առաջարկներից շատ խոսեց և ասաց, որ կողմ է:

Ըստ էության՝ չկա տրամաբանական մի գիծ, որով գործընթացը շարժվում է: Բայց ակնհայտ է, որ պայմանագրի ստորագրման հարցը տեղափոխվում է հաջորդ տարի, դրա հետ մեկտեղ՝ կա նաև պայթյունավտանգ անվտանգային իրավիճակ, Ռուսաստանի ուշադրություն այլ գոտիներում։ Ընդգծենք, որ Հարավային Կովկասը կտրված չէ աշխարհից, այստեղ աշխարհաքաղաքական գործընթացներն ունեն նույն քաոտիկ տրամաբանությունը, ինչ աշխարհում մյուս գործընթացները:

Տարբեր միջազգային փորձագետների բնորոշմամբ՝ առաջիկայում բանակցային գործընթացից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, բանակցային խնդրահարույց փուլերն ունենում են նաև հետևանքներ՝ ռազմական բռնկումների տեսքով: Ասել է թե՝ արտաքին միջնորդների խնդիրն է՝ դա թույլ չտալ, քանի որ դրա վտանգը կպահպանվի:

Արմեն Հովասափյան