Foto

Ես վախեցող անձնավորություն չեմ, «боевая готовность N1».Սեյրան Օհանյան

Ես տեղեկություն չունեմ, այդ հարցերը պետք է տալ դատական մարմիններին, որոնք արտահոսքը, միգուցե, տվել են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ հնարավոր է առաջիկայում ԱԺ-ում անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի իր, Վահե Հակոբյանի, Արմեն Չարչյանի նկատմամբ, նաև խոսվում է իրեն ձերբակալելու մասին:

Սեյրան Օհանյանը նշեց, որ վերջին ժամանակներում ինքը որևէ գործով չի հարցաքննվել և տեղեկություն չունի, որ իր նկատմամբ կարող է վարույթ սկսեն.
« Ես տաբեր գործընթացներում որպես վկա գնում, ներկայացնում եմ՝ ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ, բայց երբևէ չի եղել, որ հրավիրել են որևէ գործընթացի, և ես չեմ ներկայացել»,-ասաց Օհանյանը:

Նա հավելեց, որ երբևէ անձեռնմխելիության քողի տակ չի թաքնվել, ուստի այս առումով մտահոգություն չունի.
«Այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է, որ կարող են թատրոններ կամ քաղաքական հետապնդումներ լինել, վերջին շրջանում շատ ենք տեսնում նման բաներ »,-ասաց Օհանյանը:

Ինչ վերաբերում է իր կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանին ձերբակալելու փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին, Սեյրան Օհանյանն ասաց, որ դա անձնական գրառում է.

«Ես վախեցող անձնավորություն չեմ, իմ ընտանիքն էլ, մենք պատրաստ ենք ամեն ինչի: Դրա համար ես գրել եմ՝ «боевая готовность N1»: