Foto

Ադրբեջանում պահվող հայ գերիներին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այս ամիս դեռ չեն տեսակցել․ Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում գտնվող գերեվարված և պատանդառված մեր հայրենակիցներին վերջին անգամ տեսակցել են հոկտեմբերին։ Ադրբեջանում պահվող գերիներից ոչ մեկի հետ այս ամսվա ընթացքում տեսակցություն դեռևս չի եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

«Այս պահին լուր չունենք դեռ, բայց նոյեմբերը դեռ չի ավարտվել, կարող է և առաջիկայում ունենանք։ Համենայնդեպս, այս պահին որևէ բան չեմ կարող հաստատել այդ կապակցությամբ»,- ասաց Ամատունին՝ հավելելով, որ վերջին երկու տարվա ընթացքում քիչ թե շատ տեսակցություններ են ունենում ամսական կտրվածքով։

Կարմիր Կաչի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 13-14-ին ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված անձանցից անցած անգամ տեսակցել են միայն նրանց հետ, որոնք վերադարձել են արդեն։

«Այնտեղ պահվող այլ անձանց հաստատում Ադրբեջանի կողմից չի եղել»,-ասաց Ամատունին։