Foto

Նոր աշխարհակարգի գծերը

Այսօր արդեն ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Իրանի նոր դերակատարությունը՝ ՀՀ անվտանգության շուրջ դրված կարմիր գծերը, հակաիրանական վտանգավոր տրամադրություններ է հրահրում Իրանի դեմ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերի կողմից: Փաստենք, որ ԱՄՆ-Իրան դիվանագիտական փոխհրաձգությունն ինտենսիվանում է Թեհրան-Բաքու լարմանը զուգահեռ:

Այստեղ կարևոր է արձանագրել, որ Իրանի դեմ արևմտյան հերթական արշավն ու իրանաադրբեջանական սրացումը պետք է միանշանակ մտահոգի Հայաստանին, որի համար հարևան իսլամական հանրապետությունը ներկայումս անվտանգային բարձիկի դերակատարություն է փորձում ստանձնել՝ անելով կոշտ դիվանագիտական հայտարարություններ և բացելով հյուպատոսություն Կապանում, նման քայլով էլ ավելի խորացնելով հայ-իրանական համագործակցությունը, մոտեցնելով այն ռազմավարական գործընկերության մակարդակի:

Միանշանակ է, որ Իրան-Ռուսաստան առանցքի ձևավորումը լրջորեն մտահոգում է Արևմուտքին և թյուրքական երկրներին, քանի որ իրականում խոչընդոտում է Հարավային Կովկասում այս երկրների ծրագրերին: Շարունակաբար զարգացնում են այն քարոզչությունը, թե հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվում է ռուս-թուրքական ծրագիր, այնինչ ներկայումս ընթացող ավելի թափանցիկ ու պարզ գործընթացներն ակնհայտ են դարձնում շահերի այն տարբերությունները, որոնք ունեն Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում:

Աշխարհաքաղաքական ընդհանուր քարտեզը ցուցյ է տալիս, որ ներկայումս, ՌԴ-ից մի փոքր ավելի պակաս, Արևմուտքի թիրախում Իրանն է՝ իր ռուսամետ քայլերի համար: Տեսնում ենք նաև համարձակ քայլեր Ադրբեջանի կողմից, որոնք ոգեշնչված են Արևմուտքի դիրքորոշումից: Ինչպես հայտնի է՝ ուկրաինական պատերազմից սկսած ռուս-իրանական հարաբերություններում մեծ նորություններ են նկատվում, համագործակցության տարրեր սիրիական թատերաբեմից դուրս՝ անկախ Թուրքիայից: Այս համագործակցությունը որոշակիորեն նկատվում է նաև հարավկովկասյան գոտում: ԻՆչը կարող է ավելի լայն համագործակցության նշան լինել և հետագայում տարածվել, տարածվել այնքան, որ այս համագործակցությունը հանգեցնի ռուս-իրանական համագործակցության ողջ եվրասիական տիրույթում:

Ըստ էության դա կարող է դառնալ իրական խոչընդոտ թյուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին, իսկ դրանք իրականացնողները ոչ միայն ռեգիոնալ, այլև արտատարածաշրջանային և որոշ արևմտյան երկրներ են: Այսինքն՝ սա պատահական զարգացում չէ ռուս-իրանական հարաբերություններում, թյուրքական ընդլայնման վտանգն անհանգստացնում է թե Ռուսաստանին, թե Իրանին: Սա հենց այդքան քննարկվող նոր աշխարհակարգի, ազդեցության նոր գծերի ձևավորման նշան է:

Գաղտնիք չէ, որ այսօր Իրանը փորձում է իրապես զբաղվել ՀՀ անվտանգությամբ, դրա դեմ Ռուսաստանից դիմադրություն չկա, սակայն Իրանի այս նոր դիրքավորումը, ինչպես տեսնում եք և սպասելի էր, անհանգստացնում է Ադրբեջանին, ինչպես նաև արձագանք է ստանում ԱՄՆ-ի կողմից (ինչը կանխատեսելի էր), որոնք գոնե շաբաթը մեկ անգամ բացասական ուղերձ են հնչեցնում Իրանին ուղղված, փորձում են նույնիսկ միջամտել Իրանի ներքին գործերին: Փաստացի իրական թիրախ ասվածը ոչ միայն Իրանն է առանձին, այլև ռուս-իրանական համագործակցությունը:

Արմեն Հովասափյան