Ամենօրյա ռեժիմով հետևելով
փաշինյանական իշխանության անհեռատես ու հակահայկական քաղաքական բաղադրիչներին՝ մշտապես համոզվում ենք, որ նա մեր երկրում իրականցնում է բացառապես թշնամական օրակարգը։
Հավանաբար կհամաձայնեք,
որ Նիկոլ Փաշինյանը ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերով հասարակությանն
առաջարկում է նոր ձևաչափի «քաղաքացիական պայմանագիր», տվյալ դեպքում խոսքը իշխանության
ձևական հենարան կոչվող խմբակույտի մասին չէ։ Ըստ էությն՝ Փաշինյանի նոր «քաղաքացիական
պայմանագրի» հիմքում ընկած է Հայաստանի՝ որպես պետության ու պետականության, թաղումը.
ցավոք այն պետք է ընկալել բառի ինչպես ուղիղ,
այնպես էլ փոխաբերական իմաստներով։
Հենց այս տեսանկյունից
պետք է դիտարկենք այն երևույթը, որտեղ չկա պատահականություն, որ Փաշինյանի կինը հրապարակավ
առաջարկում է թաղել պետության հետ ունեցած բոլոր հարաբերությունները, այսինքն՝ փաստացի
Հայաստանի անցյալը, իսկ երկու օր անց ամուսինն արդեն համագումարում հողին է հավասարեցնում
նորանկախ Հայաստանի երեսնամյա պատմությունը՝ հայտարարելով, թե ձևավորման առաջին իսկ
օրից բոլորը ամեն ինչ արել են ընդդեմ ՀՀ անկախության։ Ավելի ուշադիր հետևելով Նիկոլի
խոսքին, կնկատենք որ վերջինս, իհարկե, խորամանկորեն չի ասում, որ Հայաստանի
անկախությանն ու ինքնիշխանությանն ամենամեծ հարվածը հասցրել է ինքը, հասցրել է բազմապատիկ
ավելի մեծ ու անդառնալի հարված, քան իրեն նախորդած բոլոր իշխանությունները՝ միասին
վերցրած։
Փաշինյանն
այդ մասին չի խոսում, այլ հայտարարում է պետության ինչ-որ նոր տեսության կամ տեսլականի
մասին։ Ակնհայտ է, որ հակահայի մոդայիկ ձևակերպումների հիմքում ընկած է պրիմիտիվ, էժանագին
պոպուլիզմը, որից էլ բխում է «քաղաքացիական պայմանագրի» նրա առաջարկը․ զրոյին հավասարեցնել
իրենից առաջ եղած ամեն ինչ և կառուցել նոր պետություն։ Այս ամենի հիմքում
հերթական պարզագույն խորամանկություն է։
Ոչ ոքի համար արդեն գաղտնիք
չէ, որ Փաշինյանը հիմնահատակ ավերել է այն, ինչը դրված էր նորանկախ Հայաստանի կերտման
ակունքներում. առաջին հերթին՝ Արցախի հարցը և Արցախի անվտանգությունը երաշխավորող հայկական
պետականությունը։ Նրա թեթև ձեռքով Արցախի մեծ մասն այլևս չկա, մնացած հատվածը հանձնվել
է ռուսներին, իսկ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստան, որպես այդպիսին, գոյություն
չունի (դրա մասին իրենց խոսքում քանիցս հայտարարել են Նիկոլի սպասյակները)։ Եվ ահա,
պատասխանատվություն կրելով, ըստ էության, դարի հանցագործության, Արցախի հանձնումի ու
հազարավոր զոհերի համար, Նիկոլն առաջարկում է վերացնել այն գաղափարական, արժեքային
հիմնասյուները, որոնցից բխում է իր իսկ հանցագործությունը։
Եթե ասվածը մեկնաբանենք
դատաիրավական պրիզմայով, ապա սա նման է իրավիճակին, երբ մեկը մարդ է սպանում, ինչից
հետո միանգամից առաջարկում է ոչնչացնել սպանությունը որպես հանցագործություն սահմանող
Քրեական օրենսգիրքը: Ավելին, առաջարկում է ընդունել «նոր Քրեական օրենսգիրք»։ Ըստ էության՝
Փաշինյանի գործողությունների բոլոր ենթատեքստային ուղերձները սպասարկում են հենց այդ
նպատակը՝ ջնջել անցյալից այն, ինչի լույսի ներքո իր գործողություններն ավելին են,
քան դավաճանությունը։
Ավելի կարճ կլինի մոտավորապես
հետևյալը՝ Փաշինյանը հանրությանն առաջարկում է ջնջել անցյալն ու ազատվել «պատմական
կաղապարներից»։ Ընդ որում, քանի որ նա շատ լավ է ճանաչում հասարակության որակները և
նրա վրա ներազդելու միջոցները, սովորության համաձայն, այս առաջարկը համեմում է գայթակղությամբ՝
առաջարկելով թաղել անցյալի Հայաստանը, բայց թաղումից հետո զբաղվել «գանձերի որոնմամբ»՝
անցյալից վերադարձնելով «թալանվածը»։
Այսօր
Նիկոլը ցանկանում է ջնջել անցյալը՝ ներկայի ու ապագայի իր մեղքը մաքրելու ճղճիմ նպատակով։
Ըստ էության նրան չի հուզում, որ այդ ճանապարհին փաստացի կարող է մաքրել ոչ միայն սեփական
մեղքը, այլ Հայաստանը՝ երկրի երեսից։ Այս երևույթի
ողբերգությունը կայանում է նրանում, որ եթե առաջինն, ըստ էության, անհնար է՝ մեղքի
վաղեմություն չունենալու ու երբևէ բացահայտվելու հատկանիշի բերումով, ապա ՀՀ ոչնչացումն
այսօր դարձել է առավել քան հնարավոր։
Արմեն Հովասափյան









