Foto

Հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը

Բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի և նրա ընկերների ջանքերով հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը:

Մարզադահլիճի բացման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանը:

Միջոցառման մեկնարկին մարզադպրոցի բակում տեղի է ունեցել արցախյան հերոսամարտում Սպիտակի տարածաշրջանից զոհված մարզիչ-մարզիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի օրհնության կարգ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է մասնավոր կառույցների և բարերարների օժանդակությամբ իրականացվող աշխատանքները:

«Մարզադահլիճի բացումը երկու խորհուրդ ունի՝ հարգել այն մարդկանց հիշատակը, որոնք ամեն ինչ արել են՝ հանուն հայրենիքի, և մեկնարկը տալ մի մարզադպրոցի, որտեղ կկոփվեն շատ մանուկներ: ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտում հսկայածավալ շինարարություն է իրականացնում. կառուցվում են նոր մարզական դպրոցներ, համալիրներ: Որքան էլ պետությունն ահռելի միջոցներ է ներդնում, մասնավորի օժանդակությունը շատ կարևոր է: Շնորհակալ եմ մեր անվանի բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանին և նրա ընկերներին, որ այսպիսի ներդրում են կատարել հայկական սպորտում: Վերջերս բարերարների ջանքերով հիմնանորոգվեց նաև Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը: Սպորտում ներդրումներն անհրաժեշտ են առողջ սերունդ դաստիարակելու համար»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ գործարարներին հորդորելով աջակցել սպորտի ոլորտի պետական քաղաքականությանը՝ ներդրումներ կատարելով սպորտային ենթակառուցվածքների զարգացման ասպարեզում:

Հիմնովին վերանորոգված մարզադահլիճը հագեցվել է անհրաժեշտ մարզագույքով, տեղադրվել է պրոֆեսիոնալ ռինգ, որտեղ իրենց մարզումներն առավել արդյունավետ անցկացնելու հնարավորություն կունենան բազմաթիվ պատանիներ: