ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք է
առաջադրվել այն բանի համար, որ «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն
660 հազար դրամի չափով:
Բանն այն է, որ
ԵՊԲՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Նարիմանյանը գումար է փոխանցել արհեստակցական
միության նախագահ Մարթա Սիմոնյանին, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային
համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանից (Իշխան Սաղաթելյանի հորից) շուկայականից բարձր
գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավելի վճարվելիք գումարները Սաղաթելյանինը
դարձնելու շուրջ:
Նարիմանյանի պաշտպան Սիմոն Հարությունյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ իր
պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, սակյան այլ մանրամասներ հայտնել չցանկացավ։
Մարթա Սիմոնյանն էլ Vesti.am-ին հուշեց, որ այդ գործը
քննվել է և գնահատական է տրվել։ «Այդ գարծն արդեն ավարտվել է։ Ես էլ հիմա շատ
զբաղված եմ, օգտվում եմ իմ Ձեր հարցերին չպատասխանելու իրավունքից»։ Հարցին՝ ե՞րբ
է քննվել, ի՞նչ գործի շրջանակներում, ասաց, որ շտապում է։ Դատալեքս դատական
տեղեկատվական համակարգում նման որևէ գործ չհաջողվեց գտնել։
Հավանաբար
Սիմոնյանը նկատի ունի 2018 թ-ին ԵՊԲՀ-ում ՊՎԾ-ի կատարած ստուգումները։ 2015 թվականին ԵՊԲՀ-ն որոշել է իր աշխատակիցների համար Սևանի
ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք ձեռք բերել։ Այդ գույքը կազմված է եղել
հյուրանոցային 6 սենյակից և կոնֆերանսի դահլիճից, որը համալսարանը պատրաստվում էր
օգտագործել իր նպատակների համար։ Մոտ 200 միլիոն դրամ են վճարել «Ծովասար»
հանգստյան տան տնօրինությանը, իսկ այս հանգստյան տունը պատկանում է ՀՅԴ Գերագույն
մարմնի ներկայացուցիչ, ներկայումս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան
Սաղաթելյանի հորը։ Ըստ ՊՎԾ-ի, սակայն, այս գույքը ձեռք է բերվել կադաստրային
արժեքից թանկ գնով, և ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։ Ինչպես արդեն նշեցինք՝ 200 մլն է կազմել գնված գույքի
գինը, որից կոնֆերանսների դահլիճի համար վճարվել է 40 մլն դրամ, իսկ 6 սենյակների
համար՝ 160 մլն։ Ստացվում է՝ յուրաքանչյուր սենյակի համար՝ 26 մլն 600 հազար դրամ։
Դատախազությունը գտնում է, որ ավելի է վճարվել միայն 39,5 մլն դրամը, այսինքն՝
յուրաքանչյուր սենյակի համար պետք էր վճարել 20 մլն դրամ, բայց վճարվել է 26 մլն
600 հազար։
Բանն
այն է, որ 2015թ-ին ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել ՀՀԿ փոխնախագահ
Արմեն Աշոտյանը, ում ևս ցանկանում են մեղադրանք առաջադրել, սակայն Դատախաության
հաղորդագրությունում Աշոտյանի մասին ոչինչ չկա։ Հաղորդագրության մեջ այս մասով
նշվում է միայն, որ առնչություն ունի Սաղաթելյանի ՍՊ ընկերության հետ։ Հավելենք
նաև, որ գործարքի տակ ստորագրել են Մարթա Սիմոնյանն ու Միքայել Նարիմանյանը։









