Foto

Տարածաշրջանային դիվերսիֆիկացիայի «ճանապարհային քարտեզը»

Բազմաթիվ անգամաներ առիթ ուենցել ենք խոսել աշխարհաքաղաքական այն գերբարդ իրադրության մասին, որը ներկայումս առկա է հարավկովկասյան  տարածաշրջանում։ Ողջ աշխարհում ընթանում են գեոպոլիտիկ դիվերսիֆիկացիաներ, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են ուենում հատկապես ռիսկային գոտիներում, ուստի մենք բացառություն չենք։

Մոտ 10 ամիս ընթացող ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ՝ Հարավային Կովկասում, արևմտյան ներգրավման փորձերին զուգահեռ, ռեգիոնալ խաղացողները փորձում են առաջ մղել 3+3 կամ՝ Վրաստանի չմասնակցության պայմաններում, 3+2 նախաձեռնությունը։

Ինչպես հայտնի է՝ Պրահայի բանակցություններից հետո Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումը և արևմտյան ներկայության հետագա ընդլայնման հեռանկարը մտահոգում է ոչ միայն Ռուսաստանին, որը հանդես է գալիս այս ամենի դեմ, սակայն, ներկայիս իրավիճակով պայմանավորված, չունի ազդեցության մեծ ռեսուրս, այլև Իրանին, որը, էականորեն ընդլայնելով հայ-իրանական կոնտակտները, ինչպես նաև քաղաքական ներկայությունը Սյունիքում, հստակ ուղերձներ է հղում Երևանին ու Բաքվին, որ տարածաշրջանում անցկանկալի է օտարերկրյա ներկայություն։

Մասնավորապես Իրանի ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը Երևանում նշել էր, որ իրանական կողմի համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը։ Ի դեպ՝  այդ պլատֆորմի մասին Աբդոլլահիանը խոսել էր նաև Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ընդգծենք նաև, որ այս այցի ընթացքում քննարկվել է նաև հայ-իրանական հարաբերություններում ճանապարհային քարտեզի հարցը, իսկ Սոչիից հետո Փաշինյանը կարճատև այց կատարեց Իրան։

Ընթացող գործընթացներին զուգահեռ հավելենք, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելով իրավիճակը և անվտանգությունը նաև Հարավային Կովկասում։ Փաստենք, որ վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերություններում ևս դիվանագիտական հայտարարությունների մակարդակով նոր սրացում է նկատվում, որը նաև զուգորդվում է ՌԴ-ին իրանական ԱԹՍ-ների վաճառքի թեմայով ու այս առնչությամբ առկա է Իրանին ուղղված արևմտյան քննադատության հերթական ալիքը։ Մասնավորապես, ԱՄՆ-ում ընթացող նախընտրական քարոզարշավին ավելի ու ավելի տարօրինակ հայտարարություններ են հնչում ԱՄՆ-ից։  Օրերս Ջո Բայդենը խոստացել է «ազատել» Իրանին։ «Մի՛ անհանգստացեք, մենք պատրաստվում ենք ազատել Իրանը։ Իրենք իրենց արդեն շատ շուտով կազատեն»,- հանկարծակի ասել էր Բայդենը։ Ի դեպ՝ Պետքարտուղարությունը նաև Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված նախազգուշական դիվանագիտական հայտարարություն էր արել՝ ռուս-իրանական տանդեմի վերաբերյալ։

Կարող ենք փաստել, որ ներկայումս ողջ Կովկասում ռուս-իրանական համակարգում է ընթանում, որը բավարարում և ծառայում է ՌԴ ու Իրանի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերին, քանի որ Արևմուտքի ակտիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ոչ ՌԴ-ի, ոչ Իրանի շահերից չի բխում, իսկ համակարգումը, փաստացի, թույլ է տալիս ՌԴ-ի թուլացած ազդեցությունը լցնել իրանականով։ Ըստ էության՝ այդ հանգամանքն արժանանում է ԱՄՆ քննադատությանը, քանի որ ԱՄՆ-ը նկատում է Իրանի ազդեցության ընդլայնումը։

Հատկանշական է նաև, որ ԱՄՆ-ը «զարմանալի» զուգադիպությամբ չի անդրադառնում նույն հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացման փաստին, ակնհայտ է, որ այստեղ առկա է հստակ տարբերակում։ Փաստացի մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի համար ուղղակիորեն սպառնալիք է դիտարկվում Իրանն ու ՌԴ-ն։ Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ կրկին քննարկվում է տարածաշրջանում վեցակողմ պլատֆորմ ներդնելու հնարավորությունը։ Այստեղ Վրաստանի դեմ դիրքորոշումն է խոչընդոտ, բայց հայ-ադրբեջանական թեմատիկան այսօր հետաքրքրում է նաև Վրաստանին՝ միջնորդական ջանքերի հեռանկարի հարցով։

Համադրելով վերը շարադրված խճանկարի կտորները՝ կարելի է չբացառել, որ հնարավոր է հայ-ադրբեջանական թեմատիկայով կապել տարածաշրջանը, լուծել անվտանգային բոլոր խնդիրները, հատկապես, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց կողմից իրենց հարաբերությունները Հայաստանի հետ մեկ փաթեթով են քննարկում։ Գերթե կասկածից վեր է, որ հարավկովկսյան տարածաշրջանում փորձ է արվում գեոպոլիտիկ ազդեցության փոփոխություն գրանցել արտատարածաշրջանային ուժերի միջոցով, սակայն տարածաշրջանային տերություններն էլ իրենց հերթին են վերադիրքավորվում այնպես, որը բխում է իրենց իսկ շահերից։ Ըստ էության՝ աշխարհաքաղաքական վերադիրքավորումն ընթանում է երկու մակարդակում՝ տարածաշրջանում ռեգիոնալ ուժերի միջև (ՌԴ-ուկրաինա պատերազմի ֆոնին կենտրոնացել է մեկ ուղղության վրա) և աշխարհում՝ նույն ռեգիոնալ ուժերի և Արևմուտքի միջև։

Արմեն Հովսափյան