Գեղարքունիքում սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչությունն ամբողջությամբ դեռ չի վերադարձել, բայց 90%-ը վերադարձել է: Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ հիմնականում Սոթք ու Կուտական բնակավայրերի բնակիչների մասով կան խնդիրներ:
Սոթքում խոշոր վնասներ կրած ընտանիքներն այս պահին չեն կարողանա հետ գալ, իսկ Կուտականում էլ անվտանգության հետ կապված խնդիր կա:
Մարզպետը հայտնեց նաև, որ Գեղարքունիքում վերջին օրերին հակառակորդի կողմից սահմանային խատումները նվազել են:
Ըստ նրա՝ սահմանին դիտորդների ներկայությունը ևս նպաստել է, որպեսզի սահմանային լարվածությունը թուլանա:
Կարեն Սարգսյանը մանրամասնեց, որ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն մեկ շտաբ, բայց դիտորդական առաքելություն իրականացնում են սահմանի ողջ սահմանին՝11 բնակավայրերի երկայնքով: Նրա խոսքով՝ Գեղարքունիքում 8 դիտորդ է առաքելություն իրականացնում
«Նրանք ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում: Մարզպետարանն իր ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է մեր գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն: Դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են և վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ»,-ասաց նա:









