Ինչպես և կանխատեսել
էինք, հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպմանը որևէ բեկումնային փաստաթուղթ չստորագրվեց, քանի որ հակամարտող կողմերը մի տեսակ արհեստական օրակարգով էին մեկնել
առողջարանային քաղաք՝ զուտ «մեծ ախպորը» չնեղացնելու համար։ Բանն այն է, որ ո՛չ Նիկոլ
Փաշինյանը, ո՛չ էլ Ալիևն առանձնապես ոգևորված չեն ռուսական հարթակից և շնչակտուր թեքված
են դեպի Բրյուսել։ Եթե Ալիևի դեպքում դա հասկանալի է, քանզի, ըստ մամուլում շրջանառվող
տարբերակների եվրոպացիները բավական պրոադրբեջանական փաթեթ ունեն, ապա ընկալելի չէ,
թե Նիկո՞լն ինչ շահագրգռվածություն ունի այս հարցում։
Այնուհանդերձ,
որքան էլ Սոչիի եռակողմ բանակցույթուններում առանձնապես ձեռքբերում և գրեթե նորություն
չկար, սակայն այդ կերպ ՌԴ-ն վերահաստատեց իր դերակատարությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև (չնայած
այն փաստին, որ հակամարտության նախկին բոլոր «հարցականները» պահպանվեցին)։ Հանդիպման
մասով գլխավորն այն էր, ինչ հայտարարեց Վլադիմիր Պուտինը, որ նախապես մշակված տեքստից
որոշ դրույթներ ստիպված են եղել դուրս բերել անհամաձայնությունների պատճառով, այսինքն՝
ռուսական առաջարկները հատկապես ԼՂ կարգավիճակի մասով, փաստացի, չեն գոհացնում ադրբեջանական
կողմին։ Ըստ ամենայնի՝ սա կարող է դիտարկվել՝ որպես այդ անհամաձայնություններից մեկը
կամ գուցե՝ միակը։
Ինչպես հայնտի
է՝ օրերս «Վալդայ» ակումբում ունեցած ելույթում ՌԴ նախագահը հստակ տարանջատում
մտցրեց ռուսական ու վաշինգտոնյան կամ եվրոպական տարբերակի միջև, որը վերաբերում էր
հենց Ղարաբաղի կարգավիճակին։ Ռուսական տարբերակում այդ հարցը կամ դրա քննարկումը հետաձգվում
է։ Սակայն այս մասով, ինչպես երևում է, խնդիր կա և դժվար չէ ենթադրել, թե որ կողմում
է խնդիրը։ Կարող ենք նաև հավելել, որ եռակողմ հայտարարությունն ինքնին բացառիկ չէր
իր բովանդակությամբ, այլ ենթադրում էր գործընթացի շարունակականություն, նոր լուծումներ
փնտրելու պատրաստակամություն։
Ի դեպ, արձանագրենք
նաև, որ Սոչիի հանդիպումը նաև չփակեց Բրյուսելի հովանու ներքո եվրոպական փաթեթը ստորագրելու
հեռանկարը։ Ավելին, ՌԴ-ն այդ «դուռը» բաց թողեց, հանդես գալով՝ որպես առաջատար միջնորդ
(փաստենք նաև, որ ՌԴ-ն չի բացառում, որ ինքը միակ միջնորդը չէ)։ Այլ կերպ ասած՝ չի
բացառվում, որ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ տեղի ունենան բրյուսելյան քննարկումները
կամ, ինչպես վերջերս Վրաստանում Իլհամ Ալիևն առաջարկեց, գործին միանա Վրաստանը և միջնորդություն
իրականացնի։ Միանշանակ, ընթացող գործընացի սցենարները շատ տարբեր են։
ՌԴ-ն հստակ գիտի, որ Թուրքիան
ու Իրանը Հարավային Կովկասում կախված են իրենից, նրանց քաղաքականությունը փոխկապակցված
է ՌԴ-ին, իսկ Արևմուտքի պլանները կարող են սահմանափակ լինել, իսկ թվացյալ հաղթանակները՝
իրավիճակային ու ժամանավոր։ Վերջին ամիսներին նկատում ենք Իրանի նոր թափը,
իսկ ռուս-իրանական հարաբերություններում ակնհայտ մեծ ակտիվություն կա։ Այս ֆոնին փոփոխություններ
կան նաև հայ-իրանական հարաբերություններում․ նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն
Իրանում էր։
Հետևելով իրանից
հնչող հայտարարություններին և նրա՝ տարածաշրջանում ակտիվ դրսևորումները, ակնհայտ է,
որ Իրանը ուղերձներ է փոխանցում, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային
ուժերի կողմից, առանց Իրանի՝ այս պահին լուրջ որևէ զարգացում դժվար է պատկերացնել,
խոսքը և՛ Ղարաբաղյան հարցի, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին է։ Բացի
այդ, ուշադրության է արժանի նաև այն, որ ռուս-իրանական համագործակցությունն անհանգստացնում
է ԱՄՆ պետդեպին, դա ևս պատահական չէ։ Կարող ենք եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ,
ՌԴ-ում լուրջ շրջանակներում կարծում են, որ արևմտյան հովանու ներքո ինչ-որ փաստաթղթի
ստորագրումը չի կարող վտանգել ռուսական շահերը տարածաշրջանում, որոնք ամուր են, և որոնց
հետ փոխկապակցված են Թուրքիան ու նոր դերի մեջ մտած Իրանը։
Ամփոփելով արձանագրենք,
որ Սոչիի հանդիպումն ավելի շատ պետք է դիտարկել որպես հորդոր՝ բոլոր հարցերը լուծել
խաղաղ ճանապարհով, առանց ռազմական բռնկումների, և շարունակել լուծումների փնտրտուքը։
Գործընթացների զարգացումները վկայում են, որ աշխարհի ու Ռուսաստանի համար նոր իրավիճակում
հարցերը, խնդիրները չունեն այն նշանակությունը, ինչ նախկինում։ փաստենք, որ Ռուսաստանը
և նրա քաղաքական նկրտումները ևս փոխվում են։
Արմեն Հովասափյան









