Foto

Նիկոլն ու դավաճանի վերջին հանգրվանը


Սոչիի բանակցություններից երկու օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելը լիովին համապատասխանում Հայաստանի կառավարության մոտեցմանը։

Այո, դա ինչ–որ տեղ հայանպաստ տրամադրություն է, բայց ինչպես կասեր դասականը՝ «Յա՛հ, իրո՞ք»։ Իսկապե՞ս Հայաստանի կառավարությունն այդպես է մտածում, այդ երբվանի՞ց ։ Գուցե այն օրից, երբ վերելակում Ալիևին նվիրեց Սանկտ Պետերբուրգի և Վիենայի պայմանավորվածություննե՞րը, թե՞ այն օրից, երբ Ալիևից տեղեկացավ Ղարաբաղյան կարգավորման նախապատմությանը և գաղտնի բանակցություններ սկսեց իր՝ «զրոյական» կետից։ Իսկ երբ Ստեփանակարտում իրեն ճղճղում էր, թե Արցախը հայաստան է և վերջ, այդպես չէ՞ր մտածում, թե՞ հիմա, կառավարություն ասելով, ոչ թե իրեն այլ Քերոբյան Վահանին կամ Անահիտ Ավանեսյանին նկատի ունի։

Տարօրինակ զուգադիպությամբ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը շատ նմանություններ ունի նախանիկոլյան ժամանակաշրջանի հետ․ հիմա էլ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ Արցախի հարցը Մինսկի խմբում ակտիվացնելու համար, հիմա էլ Ռուսաստանից ու ՀԱՊԿ–ից ակնկալում են գործուն ռազմաստրատեգիական աջակցություն, հիմա էլ Հայաստանի իշխանությունները համակարծիք են, որ Արցախի կարգավիճակի հարցը ապագայի խնդիր է և այլն։ Բայց շատ էական տարբերություններ կան հարցի դիսպոզիցիայում։ Այսօր հաղթողն Ադրբեջանն է, այսօր ոչ թե Ալիևին, այլ Նիկոլին են կուլիսների ետևում ստիպում, որ հանձնի Արցախը, այսօր հայկական հսկողության տակ չեն Շուշին ու Հադրութը, Նիկոլը հանձնել է ոչ միայն Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտին և ազատագրված տարածքները, այլև Ադրբեջանցիներն են ներխուժել Հայաստանի տարածք և սպառնում են մեր բնակավայրերի անվտանգությանը։ Ի՞նչ է, հիմա Նիկոլը Շուշին հայկակա՞ն է համարում, թե՞ մտածում է, որ ապագայում, եթե հանրաքվե լինի, ադրբեջանցիները Շուշիում ու Հադրությում քվերակելու են Արցախի անկախության օգտին։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ակամա խոստովանեց, որ եթե 2020 թվականի հոկտեմբերին համաձայնվեր զինադադարին, ապա, միևնույն է, նույն իրավիճակն էր լինելու։ Այսօր էլ ԱԺ–ում ելույթի մեջ նման մի ինքնախոստովանություն արեց՝ ասելով․  «պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց՝ ամեն դեպքում»։

Բոլոր հարցադրումների պատասխանը մեկն է՝ Նիկոլն այս 4 տարվա մեջ ձախողել է ամեն ինչ և հիմա բառացիորեն ասում է այն, ինչ անում էին նախկինները։ Այո, ճիշտ կարդացիք՝ միայն ասում է, որովհետև բանակցությունների ընթացքում Արցախ անունը արտասանել վախեցողը հանրաքվեի, Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու Քաշաթաղը վերադարձնելու հարց չի կարող բարձրացնել։ Նիկոլը ստորացված ու արհամարված է բոլորի կողմից և միայն ԱԺ իր խմբակի առաջ կարող է ծվծվալ։ Նա ակամա խոստովանում է, որ իրենից առաջվանները բազմապատիկ խելացի էին, բայց, ի տարբերություն նրանց, ինքը Երևանի փողոցներով անվտանգ քայլելու, գոյություն ունենալու, իշխանությունը պահելու ոչ մի շանս և երաշխիք չունի։

Դավաճանի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան