Վերջին ամիսների ընթացքում ակնհայտ անհասկանալի են ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները, որոնք
այս փուլում, ըստ ամենայնի, ձևական ու արհեստական բնույթ են կրում։ Փաստացի գործընկերային
կառույցը, որը 30 տարվա պատմություն ունի, ներկայումս գտվում է բավական փխրուն փուլում։
Ի դեպ, տարբեր մակարդակի խոսակցությունների համաձայն՝ այն հնարավոր է առաջիկայում դադարեցնի
իր գործունեությունը՝ վերածվելով մեկ այլ միջազգային մարմնի (օրինակ՝ Շանհայի համագործակցության
կազմակերպության)։
Ասվածի վառ օրինակ
կարող է հանդիսանալ ՀԱՊԿ խորհրդի օրերս Հայաստանում հրավիրված արտահերթ նիստը, որի
ժամանակ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները ձեռնպահ մնացին Ադրբեջանի և Հայաստանի
հարաբերություններում ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատականից՝ համոզմունք հայտնելով,
որ երկու երկրների միջև առկա հակասությունները և վիճելի հարցերը կլուծվեն քաղաքական
և դիվանագիտական միջոցներով։ Ինչպես
հայտնի է, ՀՀ իշխանությունները Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո դիմել էին
ՀԱՊԿ-ին՝ 4-րդ հոդվածին համապատասխան աջակցություն ստանալու նպատակով։ Դրանից հետո ՀԱՊԿ
գնահատողական առաքելությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
ժամանեց Հայաստան, կազմվեց զեկույց և ներկայացվեց անդամ երկրներին։
Այս ամենին հաջորդեց
Սերգեյ Լավրովի, հայտարարությոնը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանին դիտորդներ
տրամադրել սահմանին իրավիճակի վերահսկողության նպատակով։ Ի դեպ՝ այս առաջարկին, անհասկանալի պատճառներից ելնելով, ընթացք չտրվեց։ Ավելին, ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական
սահմանին տեղակայվեցին ոչ թե ՀԱՊԿ, այլ ԵՄ քաղաքացիական դիտորդներ, տեղեկություններ
կան նաև, որ ժամանելու է նաև ԵԱՀԿ գնահատողական առաքելություն։
Դեպքերը զարգացան
հետևյալ կերպ․ ՀԱՊԿ խորհրդի նիստը հրավիրվեց միայն հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում,
ինչպես Լավրովն էր նշել, անդամ երկրները պատրաստ կլինեն հաստատել դիտորդական առաքելություն
ՀՀ ուղարկելու որոշումը, սակայն նման որոշում այդ նիստին չկայացվեց։ Հավելենք, որ Նիկոլ
Փաշինյանը մինչ նիստը հայտարարել էր, որ ՀՀ-ն նիստ է հրավիրում և ունի երկու ակնկալիք,
որ ՀԱՊԿ անդամ երկրները սեպտեմբերյան հարձակմանը քաղաքական գնահատական կտան, ինչպես
նաև կընդունի ճանապարհային քարտեզ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու
համար։ Ըստ էութան՝ ինչպես և կարելի էր ակնկալել, ՀՀ իշխանությունների որևէ ակնկալիք
ՀԱՊԿ անդամ երկրները չբավարարեցին, ավելին, Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը բավականին
կոպիտ և ուղիղ էր։ Լուկաշենկոն, մասնավորապես,
հայտարարեց, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա նաև ընդգծել էր, որ և՛
Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը
երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: Ըստ նրա՝ Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կսատարեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ միջև համաձայնեցված
որոշումը:
Ի դեպ՝ Վլադիմիր
Պուտինն իր հերթին նշել էր, որ ՌԴ-ն այսօր էլ անում է հնարավորը Երևանի և Բաքվի միջև
հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորման հասնելու համար։
ՀԱՊԿ խորհրդի հենց այս նիստից հետո ՀՀ-ում ավելի սրվեցին ՀԱՊԿ-ի դեմ ուղղված բացասական տրամադրությունները,
որոնք, ի դեպ՝ խրախուսվում են հենց իշխանությունների կողմից (տարբեր մասնավոր զրույցներում
պարբերաբար հարցադրումներ են հնչում ՀԱՊԿ-ում մնալու նպատակահարմարության ու օգտակարության
շուրջ)։
Ըստ էության՝
կարող ենք արձանագրել, որ այն, ինչ տեղի ուենցավ ՀԱՊԿ խորհրդի տվյալ նիստում, կարելի
էր ակնկալել և անսպասելի ու զարմանալի ոչինչ չէր պարունակում իր բովանդակային հատվածում և որևէ բացահայտում տեղի չունեցավ։ Ելույթներից ևս մեկ անգամ հասկանալի
դարձավ, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը կառույցի մի շարք լիդերների համար նույնպես
կարևոր երկիր է, ավելին, ունի լավ հարաբերություններ ՀԱՊԿ անդամ երկրների հետ առանձին-առանձին։
Հավելենք նաև,
որ ՀԱՊԿ-ը գործողություններ չի իրականացնում նաև Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին։
Կարևոր է փաստել նաև, որ Արևմուտքի կողմից ևս այս ամենին հավելյալ սրություն է տրվում
այդ կառույցը վերջնականապես թուլացնելու և ՌԴ-ին վնասելու համար։ Հատկանշական է այն,
որ նույն ՌԴ-ում շատերի համար այս կառույցն ի սկզբանե չի ունեցել որևէ իմաստ, պարզապես
եղել է ՆԱՏՕ-ի նմանությամբ ստեղծված կառույց, որի առանցքը Ռուսաստանն էր ու անդամ երկրների
ու ՌԴ հարաբերությունները։
Ըստ էության՝
Հայաստանը, լինելով հակամարտության մեջ, արտոնյալ պայմաններով սպառազինություն է ստացել
ՌԴ-ից, սա, թերևս, եղել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության և ՀՀ ՀԱՊԿ
անդամակցության օգուտը։ ՌԴ-ն անձամբ ևս որևէ օգուտ չի ստացել այս կառույցից և մշտապես
խուսափել է ընտրության առջև կանգնեցնել ՀԱՊԿ անդամ երկրներին ինչ-ինչ հարցերում։ Ավելին,
կառույցից բոլոր երկրների ակնկալիքները սովորաբար բավարարել է ՌԴ-ն առանձին, հասկանալով,
որ անդամ երկրները այնպիսի տարածաշրջաններից են, որոնց միջև դժվար են ձևավորվում կոնսենսուսներ
քաղաքական հարցերում։
Արմեն Հովասափյան









