Foto

Խաղում ենք․․․ հայ ժողովրդի իմիտացիա

Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» է հրավիրել Երևանում։ «Համաշխարհային» անունը մի քիչ համեստ է, պետք է «համատիեզերական» կոչվեր։

Ի՞նչ է քննարկելու Նիկոլի համաժողովը՝ ինչպես հանձնել Արցախն Ադրբեջանի՞ն, ինչպե՞ս գլխատել, թուլացնել Սփյուռքի հայկական լոբիստական կառույցները, գաղթօջախները, մոռացության մատնել Ցեղասպանությունը, գրպանել Համահայկական հիմնադրամի փողերը թե՞ ինչպես Հայաստանը դարձնել արաբների ու քրդերի, թուրքերի ու պակիստանցիների հայրենիք (Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գաղափարն էր)։ Իսկ գուցե Նիկոլը աշխարհի տարբեր խորշերից հավաքած իր ստատուսչիներին ու բլոգերներին ներկայացնելու է «հայկական ժաղովրդավարությունը» մի դահլիճում, որտեղ ներկա չեն Սփյուռքի ամենահեղինակավոր կառույցները, իսկ նրանցից շատերի ղեկավարներն արդեն անցանկալի անձ են հայրենիքում։ Ի՞նչ արժեք ունի այդ «համատիեզերականը», որը մասնակիցները նույնիսկ անհանգստացած չեն, որ Ամենայն հայոց և Կիլիկիո կաթողիկոսները հրաժարվել են Նիկոլի հետ նույն շարքում նստել։ Այդ մարդիկ գիտակցո՞ւմ են, որ իրենց նպատակները, եթե ունեն, ոչինչ չարժեն Նիկոլի համար, քանզի նա իր հարթաթաթ ոտքերով կոխկրճել է հայ ժողովրդի բոլոր նվիրական երազանքները՝ երկիրը տարել կործանարար պատերազմի, մի ամբողջ երիտասարդ սերունդ կոտորել, ամբողջ աշխարհի հայության ջանքերով ազատագրված Արցախի գանձերը փոխանակել է Էրդողանի ու Ալիևի քստմնելի ձեռքսեղմումի հետ։

Այսօր աշխարհը սպասում է, թե ի՞նչ որոշում կկայացնի հայ ժողովուրդը՝ անասնական հեզությամբ կգնա Արցախը և հայրենիքը հանձնելո՞ւ, հերթական անգամ մորթվելո՞ւ, թե՞ ուղղելու է մեջքը, տեր է կանգնելու իր հազարամյա իղձերին, ստեղծելու է հզոր երկիր, բանակ, դաստիարակելու է արժանապատիվ սերունդ և շարունակելու է բարձր գլխով ապրել այլ ժողովուրդների ու ազգերի ընտանիքում։

Ես չգիտեմ, թե որն է այդ մարդկանց նպատակը՝ Նիկոլի ու նրա կնոջ հետ սելֆի անե՞լը, վերջին անգամ հայկական Սևանն ու Ջերմուկը մոտիկից տեսնե՞լը,  բայց գրեթե վստահ եմ, որ Նիկոլը նրանց հավաքել ե Երևանում, որպեսզի աշխարհի առաջ տպավորություն ստեղծի, թե «ամբողջ հայությունը» ծափահարում է իր «խաղաղության օրակարգին», իր «ժողովրդավարական» բրենդին։ Նաև վստահ եմ, որ այս «համատիեզերական» համաժողովի մասնակիցների մեծ մասը, ովքեր իրենց համայնքներում գուցե հեղինակություններ են, չեն գիտակցում, որ իրենք «մասովկա» են խաղում Նիկոլի դավաճանական ներկայացման հերթական արարաում, որը նա նախաձեռնել է մի նպատակով՝ ներկայացնել հայ ժողովրդի իմիտացիա և հիմա էլ իրենց անունից բանակցել, մսխել ու վաճառել հայրենիքը։

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան