Foto

«Ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների հաղթահարման գործում»․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնը հանձնառու է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

«Մենք կոչ ենք արել երկու առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավելագույնս օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետը հետևյալն է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների հաղթահարման ու տևական խաղաղության հասնելու գործում։ Չկա Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է»,- նշել է Պատելը։

Պաշտոնյան ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նույն կերպ իր աջակցությունն էր հայտնել 1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնման ժամանակ՝ կարևոր իրադարձություն, որն այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունք երաշխավորեց։