Foto

Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել.Ալիևը Բրյուսելում գլուխը կախած է խոսում, իսկ Ռուսաստանում՝ ոնց որ ձուկը ջրում.Գուրգեն Մելքոնյան

32 տարի շարունակ սահմանին կրակոցներ եղել են և դեռ կլինեն, մինչև մենք սահմանազատման և սահմանագծման խնդիրը չլուծենք: Մեր պահանջն է, որ «խաղաղության պայմանագիր» կնքվի, հիմա գնում ենք դրան, զիջելու բան չունենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը և հավելել, որ խնդիր է դրված՝ մինչև տարեվերջ կնքել «խաղաղության պայմանագիրը».

«Խոշոր տերություններն են ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքենք «խաղաղության պայմանագիր», բայց Ալիևը վերջերս Աստանայում նորից սկսեց հոխորտալ։ Այս ամենից երևում է, որ մենք մինչև տարեվերջ դժվար կարողանանք կնքել»,-ասաց Մելքոնյանը:

Ինչ վերաբերվում է ռուսական կողմի հայտարարություններին, որ առաջիկայում Ռուսաստանում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ այդ հանդիպումից ոչ մի սպասելիք չունի, չի էլ հավատում, թե այդ հանդիպումը կկայանա.

«Եթե հանդիպում լիներ, Աստանայում կլիներ, ինչու՞ չեղավ, քանի որ չցանկացան: Ռուսաստանի թագավորը, եթե ցանկանար հանդիպում կազմակերպել, այնտեղ կկազմակերպեր, բայց չցանկացավ: Երբ պաշտոնական կհրավիրի, կտեսնենք՝ ինչ է լինում »,-ասաց նա:

Գուրգեն Մելքոնյանը հայտարարեց, թե իր համոզմամբ՝ իրականում Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել.

«Ալիևի վերջին խոսքը որ լսեիք, երբ ասաց՝ եթե չլինի միջանցքը, ես ուժով կվերցնեմ, ոտքը ընկել էր Ռուսաստան, իրեն լավ էր զգում, երբ գալիս է Բրյուսել, արդեն ուրիշ ձև է խոսում, մոտեցումներն ուրիշ են դառնում, Ռուսաստանում՝ ուրիշ, ոնց որ իր հայրենիքում լինի, ձուկը ջրում, բայց երբ գնում է Բրյուսել, արդեն գլուխը կախած է»,-ասաց Մելքոնյանը:

Աղբյուր` Փաստինֆո