Հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին կարգելվի 60 000 դրամից թանկ նվերներ ստանալ։ Կարգավորումը նախատեսված է այսօր ԱԺ–ում քննարկման ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթով։
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ օրենքով սահմանվում է արգելված նվերների ցանկը։
«Նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, մատուցված ծառայությունը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները, կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը, որը տրամադրվում է անձի պաշտոն զբաղեցնելու հանգամանքով պայմանավորված»,– ասաց փոխնախարարը:
Առաջարկվում է Հայաստանի վերաբերյալ զեկույցում ԳՐԵԿՈ-ի ներկայացրած հանձնարարականների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում: Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Կհստակեցվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, կկատարելագործվեն շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքները, կընդլայնվի փոխկապակցված անձանց, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: