Foto

Արտաքին ուժերին չի հաջողվի գժտեցնել Մոսկվային ու Երևանին. Զախարովա

Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա՝ չնայած Հայաստանի վրա գործադրվող բոլոր ճնշումներին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ռիա Նովոստին:

«Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է փոխանցել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի եւ Բրյուսելի թելադրանքով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՀԿ-ները եւ ԶԼՄ-ները կրկնակի ուժով փորձում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»,- ասել է Զախարովան, որի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Նա համոզմունք է հայտնել, որ արտաքին ուժերի կողմից Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի։

«Մենք վճռական ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Ռուսաստանը և Հայաստանը երկխոսություն են զարգացնում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղղություններով։ Առևտրաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Լուրջ ծրագրեր են իրականացվում և զարգանում տրանսպորտի և լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են շարունակել ներդրումները Հայաստանի տնտեսությունում»,-մասնավորեցրել է Զախարովան։