Երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ օրեր առաջ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամկետը, որը որոշված է մինչեւ տարեվերջ, ինչպես նաեւ դելիմիտացիայի հարցը: Ըստ Գրիգորյանի` գլխավոր խնդիրը այժմ Հայաստանի՝ 29,800 քառակուսի մետր տարածքի ամրագրումն ու ապահովումն է:
Ի՞նչ է սա նշանակում. նախ և առաջ այն, որ ամիսներ շարունակ Արծվաշենի վերադարձի կամ փոխանակման մասին խոսող, իսկ այնուհետև ընդհանրապես անկլավների թեման փակած իշխանությունները մինչև տարվերջ պատրաստվում են հանձնել հայկական անկլավներն Ադրբեջանին: Անկլավների մասին վերջին շրջանում ՔՊ-ականների կողից բազմաբնույթ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշում էր. «Շատ է խոսվել անկլավների մասին, եւ մինչեւ այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Այդ հարցերը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պրոցեսում պետք է քննարկենք»: Փաստորեն, հիմա ստացվում է՝ առանց իրավական հիմքերը ստուգելու Փաշինյանը խնդրում է ճանաչել գոնե 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը:
Ակնհայտ է նաև, որ հայկական կողմը շտապում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, իսկ այդ պայմանագիրը շոշափում է մի շարք միջազգային խաղացողների՝ մասնավորապես ՌԴ և Իրանի շահերը տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ նման պայմանագիր ունենալու դեպքում Ադրբեջանը կպահանջի ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերում Արցախից՝ դրանից բխող բոլոր անվտանգային խնդիրներով: Սա քաջ գիտակցում են նաև Մոսկվայում և հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Կրեմլը ակնհայտորեն փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության հարցում վերադարձնել իր դոմինանտ դերը, որը, կարծես թե, անցել էր Արևմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Սրանով է պայմանավորված Աստանայում ԱԳՆ նախարարների հանդիպման հապճեպ կազմակերպումը, Լավրովի հայտարարությունը առ այն, որ ԵՄ դիտորդական հանձնախմբերի փոխարեն Հայաստանի սահմանին մոնիտորինգ կարող են իրականացնել ՀԱՊԿ հանձնախմբերը և այն հանգամանքը, որ, կարծես թե, մոտակա ժամանակներս սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:
Այս ընթացքում Մոսկվան մեկ անգամ չէ, որ հրապարակավ իր դժգոհությունն էր հայտնել Արևմուտքից՝ վերջինիս մեղադրելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին միջամտելու և ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու մտադրության և ցանկության մեջ: Այս մեղադրանքը ուղղակի, թե անուղղակի վերաբերվում է նաև Նիկոլ Փաշինյանին, ով բացահայտ կերպով թեքվել է դեպի Արևմուտք, սերտացնում է հարաբերությունները ԵՄ և անգամ ՆԱՏՕ-ի հետ՝ ի հակակշռիռ ՌԴ-ի: Միևնույն ժամանակ Երևանից ամենաբարձր մակարդակով չեն դադարում հնչել մեղադրանքները Մոսկվայի և ՀԱՊԿ-ի հասցեին: Իսկ օրեր առաջ Փաշինյանի ընտանեկան կայքը, հղում անելով հավաստի աղբյուրին, սկանդալային և բացահայտ հակառուսական հոդված հրապարակեց: Հոդվածի անկյունաքարային միտքը այն էր, որ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։ Թերևս հենց այդ հոդվածից հետո Մոսկվան ակտիվացրեց իր ջանքերը՝ Փաշինյանին և Ալիևին իր ազդեցության ծիր վերադարձնելու հարցում:
Իր հերթին բավական սուր հռետորաբանությամբ մեսիջներ են հնչում նաև Արևմուտքից: ԱՄՆ պետդեպարտամենտը ակնարկում է, որ ռուսական կողմը փորձում է խոչընդոտել խաղաղության հաստատման ԱՄՆ փորձերը, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը արդեն բաց տեքստով է մեղադրում ռուսական կողմին՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումներ հրահրելու մեջ:
Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի հերթական ոչ հեռահար արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ՀՀ վարչապետը և փաստացի նաև Հայաստանն ու Արցախը հայտնվել են երկու քարի արանքում, բնականաբար տուժելու է դրանից միայն Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու կայունությունը...









